ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԾԱԽԵԼՈՒ ԲԱՆ ՉԻ ՄՆԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքս»-ի՝ հասարակության դատին ներկայացրած հերթական փաստաթուղթը պատմում է հայ-ռուսական հարաբերությունների ամերիկյան ընկալման, մասնավորապես 2009թ. Ռուսաստանից Հայաստանի կառավարության վերցրած 500 միլիոն ԱՄՆ դոլար պարտքի մասին: Ամերիկյան դիվանագիտական ներքին նամակագրության այս նմուշը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Վերջինս պատմում է հայ-ռուսական գործարքի մասին, ինչպես նաեւ փաստաթղթի շրջանակներում ներկայացնում այդ առթիվ Հայաստանի պաշտոնյաների մեկնաբանությունները:

Այսպես. դեսպանը պատմում է. «2009թ. մայիսի 20-ին Ռուսաստանն ու Հայաստանը կնքեցին երկար սպասված համաձայնագիր, որով նախատեսվում է Ռուսաստանի կողմից Հայաստանին տալ 500 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք, որի հիմնական նպատակն է օգնել կառավարությանը՝ մեղմելու համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը: Կառավարության ներկայացուցիչները մեզ տեղեկացրել են, որ այդ ֆինանսական միջոցները ուղղվելու են առաջին հերթին ինֆրաստրուկտուրային պրոյեկտների ուղղությամբ»: Յովանովիչը ներկայացնում է, որ 2008թ. կեսերին սկսված համաշխարհային ճգնաժամի արդյունքում 1 տարվա մեջ Հայաստանը ստացել է 1 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկ Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ), Համաշխարհային բանկից, Ասիական զարգացման բանկից եւ այլն: Դիվանագետի հաղորդմամբ՝ տվյալ պահին ընթացքի մեջ է եղել նաեւ ԱՄՀ-ից նոր միջոցներ խնդրելու գործընթացը, որը պետք է կասեցնի ՀՀ տնտեսության անկումը:
Դեսպան Յովանովիչի ներկայացմամբ՝ «մայիսի 20-ին ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը եւ ՀՀ ֆիննախարար Տիգրան Դավթյանը կնքեցին 500 միլիոն դոլարի պարտքի մասին երկար սպասված համաձայնագիրը: Պարտքը պետք է մարվի 15 տարվա ընթացքում, այն տրվում է 4 տոկոսով՝ 5 տարվա երկարաձգման հնարավորությամբ: Ֆիննախարարի տեղակալ Վարդան Արամյանը մեզ տեղեկացրեց, որ կառավարությունը ծրագրում է գումարի կեսն օգտագործել Գյումրիի երկրաշարժից տուժած բնակչության համար շինարարության մեջ, իսկ մյուս մասը՝ միջին եւ մանր ձեռնարկատիրությանն օգնելու համար: Կառավարությունը հավանաբար կգնի բանկային վարկերը, որ վերջիններս դրանք մարդկանց հանձնեն 18-19%-ի փոխարեն ավելի ցածր տոկոսներով՝ մոտ 15-16»: Ընդամենն օրեր առաջ, երբ նշվում էր երկրաշարժի 25-րդ տարելիցը, պարզվեց, որ միայն Գյումրիում մինչ օրս անօթեւան է շուրջ 4200 ընտանիք: Իսկ աղետի գոտում բնակարանաշինությամբ զբաղվող «Գլենդել հիլզ»-ի աշխատանքների որակի ու տեմպերի մասին բազմիցս է բարձրաձայնվել: Հետեւաբար, այդ վարկի կեսը եթե անգամ հատկացվել է աղետի գոտուն, ապա միանգամայն անարդյունավետ կերպով:
Հասկանալով հայ-ռուսական հարաբերությունների իրական բնույթը՝ դեսպանը նկատում է, որ նման համաձայնությունների ժամանակ կարող են լինել նաեւ ոչ ֆինանսական հավելյալ պարտավորություններ: Այդ իսկ պատճառով ամերիկացիները կառավարության ներկայացուցիչներից փորձել են ճշտել խնդրի հենց այս կողմը: Վերջիններս ժխտել են պարտքի ստացման հարցում ոչ ֆինանսական պայմանների առկայությունը: Իշխանությունները նաեւ բացառել են, որ պարտքը մարելու են սեփականատիրական փոխհատուցման եղանակով: Նկատենք, որ կառավարության նման գործելակերպը ոչ միայն սովորական է դարձել հայ հանրության, այլեւ միջազգային դերակատարների համար: Ի դեպ, դարձյալ միանգամայն վերջերս էր, որ գազի գնի դիմաց ՀՀ կառավարությունը մինչ այդ բոլորին անհայտ 300 միլիոն դոլարի պարտք էր կուտակել, որի դիմաց փոխհատուցեց «Հայռուսգազարդ»-ում ՀՀ-ին պատկանող 20 տոկոս մասնաբաժնով:
Ներկայացնելով կառավարության վերցրած պարտքերի պատկերը՝ ամերիկացի դիվանագետը պատմում է. «525 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ է ստացվել ՀԲ-ից, 540 միլիոն՝ ԱՄՀ-ից, իսկ տվյալ պահին մի քանի այլ ծրագրերի համար էլ բանակցություններ են ընթանում Ասիական զարգացման բանկի հետ»: Յովանովիչը նկատում է, որ ռուսական պարտքի մասին համաձայնագիրը կնքվել է հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանի տնտեսության անկման մասին տեղեկությունները հասել են բարձրակետին: Դեսպանը տեղեկացնում է, որ 2009թ. առաջին չորս ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկել է 9,7%, շինարարությունը՝ 20%, արտահանումը՝ 48%: Փաստաթղթի հեղինակը մեջբերում է Կենտրոնական բանկի պատասխանատուների կանխատեսումները, ըստ որոնց՝ 2009թ. Հայաստանին սպասվում է 5.8% անկում, ինչը, դեսպանի կարծիքով, խիստ լավատեսական գնահատական է:
Ամփոփելով շարադրանքը՝ դեսպան Յովանովիչն արձանագրում է, որ ռուսները սեփականացրել են հայկական տնտեսության գերակշիռ մասը: Դիվանագետը նկատում է, որ քիչ վստահելի են կառավարության հավաստիացումները, թե վարկը մարելիս այն չի փոխհատուցվելու որեւէ սեփականություն ռուսներին հանձնելով՝ մեջբերելով կառավարության ներկայացուցիչներից մեկի ոչ պաշտոնական ձեւակերպումը. «Այլեւս ծախելու բան չի մնացել»:
Հ.Գ. Այս տարվա հոկտեմբերին ՀՀ կառավարությունը սեպտեմբերին թողարկած եվրոբոնդերի վաճառքից գոյացած գումարով վաղաժամկետ մարեց ռուսական 500 միլիոն դոլարի պարտքը: Ու թեեւ այդ վարկի դիմաց կոնկրետ գույք չտրվեց ռուսներին, սակայն եվրոբոնդերի տոկոսադրույքային պարտավորությունները, որոնք պետք է մարի պետությունը, նույնպես ՀՀ շարքային քաղաքացիների հաշվին է արվելու:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս