Դեռեւս այս տարվա մայիսին, երբ «Հայռուսգազարդ» ընկերությունը հայտարարեց գազի սակագինը բարձրացնելու որոշման մասին, «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում «Հայռուսգազարդ»-ի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը նշեց, որ իրենք հանրության հետ միշտ եղել են անկեղծ: Նույն շրջանում «Հայռուսգազարդ»-ը նույն «անկեղծությամբ» ներկայացրել էր գազի թանկացման իրենց բոլոր «հիմնավորումները», որոնցից էր նաեւ 6000 աշխատակիցների աշխատավարձերի ծրագրվող բարձրացումը` առնվազն 2 անգամ: Այսինքն, ըստ ՀԾԿՀ ներկայացված հայտի` ընկերության աշխատողի միջին աշխատավարձը պետք է դառնար 207 հազար դրամ, սակայն արդյունքում` այն դարձավ 173 հազար: Փորձենք պարզել «Հայռուսգազարդ»-ի անկեղծության աստիճանը:
«Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ «Հայռուսգազարդ» ՓԲԸ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից բարձրացել է ընկերության աշխատակիցների աշխատավարձը, եւ միջին ցուցակային աշխատավարձը կազմում է 173 հազար դրամ, ինչը բնավ չի համապատասխանում ընկերության տնօրենի խոստացած թվին: «Ժողովուրդ»-ը նաեւ տեղեկացել է, որ ընկերության ղեկավարությունն աշխատակիցներին հայտնել է, թե բարձրացումը լինելու է աստիճանական, այսինքն՝ ապագայում կարող են ակնկալել աշխատավարձերի նոր բարձրացում: Մինչդեռ նկատենք, որ գազի սակագնի բարձրացումը, որն ուժի մեջ էր մտել այս տարվա հուլիսի 7-ից, աստիճանական չեղավ, սակագինը բնակչության համար բարձրացավ միանգամից` 18 տոկոսով:
Դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը 30 տոկոսով նվազեցնելու է Հայաստանին մատակարարվող գազի գինը: Բաղրամյան 26-ում տեղի ունեցած հայ-ռուսական երկկողմ բանակցությունների արդյունքներով ստորագրված համաձայնագրերի շրջանակներում առաջիկա 5 տարիների համար Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը սահմանվել է 1000 խմ-ի համար 189 ԱՄՆ դոլար` 270-ի փոխարեն: Սակայն «Հայռուսգազարդ»-ն այդ կապակցությամբ չի վերանայելու գազի սակագները՝ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին ՓԲԸ-ից՝ պատճառաբանելով. «ՀԾԿ հանձնաժողովի որոշմամբ, որն ուժի մեջ է մտել հուլիսի 7-ից, գործող սակագները հաշվարկված են` ելնելով 30 տոկոսով ցածր կամ 189 ԱՄՆ դոլար (1000 խմ) ձեռքբերման գնից»: Այսինքն՝ գործող սակագների հաշվարկման հիմքում ընդունված նույն 189 դոլարը, հետեւաբար «Հայռուսգազարդ»-ը չի պատրաստվում դիմել սակագինը վերանայելու նոր հայտով:
Կառավարությունը, իհարկե, առ այսօր հստակ բացատրություն չի տվել, թե ինչ միջոցներով է փոխհատուցվել այդ 30 տոկոսը, սակայն ակնհայտ է, որ վարչապետը չէր կարող նման առաջարկ անել «Հայռուսգազարդ»-ի միջոցների հաշվին, հետեւաբար 30 տոկոսի փոխհատուցումը չէր կարող լինել ի վնաս «Հայռուսգազարդ»-ի եւ ընկերության ծախսերի հաշվին, հատկապես եթե հաշվի առնենք, որ դեկտեմբերի 2-ին «Հայռուսգազարդ»-ի վերջին 20 տոկոս բաժնեմասը նույնպես տրվեց Ռուսաստանին՝ 155 մլն դոլար պարտքի դիմաց:
Այս դեպքում անհասկանալի է, թե ինչու է «Հայռուսգազարդ»-ի տնօրինությունն իր կողմից խոստացված՝ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը կատարել ընդամենը մասամբ: «Հայռուսգազարդ»-ի պարզաբանմամբ՝ ընկերությունը ՀԾԿ հանձնաժողովին ներկայացրած հայտում նախատեսել էր նաեւ աշխատակիցների աշխատավարձերի ավելացում, իսկ հանձնաժողովը որոշել էր հայտը բավարարել մասնակի: Այս դեպքում էլ կարծես արդարացում գտնում են, քանի որ հայտը ոչ ամբողջությամբ, այլ մասնակի բավարարելու որոշումը ՀԾԿ հանձնաժողովինն է եղել: Սակայն փորձը ցույց է տալիս, որ «Հայռուսգազարդ»-ը շահագրգռված լինելու դեպքում կարողանում է հասնել իր ներկայացրած հայտերի բավարարմանը: Միգուցե այս դեպքում ընկերության տնօրինությունն այդքա՞ն էլ շահագրգռված չէր, քանի որ խոսքը սովորական աշխատողների աշխատավարձերի մասին էր, այլ ոչ թե 80-100 «ընտրյալների», որոնց ստացած չափազանց բարձր աշխատավարձերի թիվն ընկերության կողմից չի հրապարակվում:
Բացի այդ՝ արժե հիշեցնել, որ 2010թ. սակագներ հաշվարկելիս ՀԾԿՀ-ն հիմք էր ընդունել, որ ընկերությունում պետք է աշխատի 4792 մարդ, իսկ միջին աշխատավարձը պետք է լինի 100 հազար դրամ: Այնինչ այս տարի «Հայռուսգազարդ»-ն արդեն նշել է 6000 աշխատակիցների հետ կապված ծախսերի մասին՝ չնայած ՀԾԿՀ-ն հաշվարկել էր, որ համակարգը կարելի էր սպասարկել նույնիսկ 25 տոկոսով ավելի քիչ աշխատակիցներով: Այսինքն՝ «Հայռուսգազարդ»-ի` 6000 աշխատակից ունենալը կարող է խոսել նաեւ ուռճացված ապարատի մասին:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ