«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀԸ ՓԱՍՏ Է ՍԻՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները կարգավորող պետական հանձնաժողովը երեկվա դրությամբ դեռեւս չէր որոշել, թե համապատասխան մրցույթին ներկայացված կինոնկարների նախագծերից որին է նախապատվություն տրվել։ Չնայած հոգնել ենք նույն հարցը մշակույթի նախարարությանն ուղղելուց, սակայն մի վերջին հույսով նորից դիմեցինք եւ ստացանք նույն պատասխանը. «Ազգային կինոկենտրոնում այդ հարցը դեռ քննարկվում է»։

Քանի որ հարցը հրատապ է, չբավարարվեցինք այդ պատասխանով ու դիմեցինք ոլորտի ճանաչված մասնագետներին: Նախ` զրուցեցինք ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի հետ՝ պարզելու, թե նա ինչպիսին է պատկերացնում Ցեղասպանության մասին կինոնկարը։ Ըստ մեր զրուցակցի՝ այսօր ինչ որ մեզ մոտ կատարվում է, Եղեռնի հետեւանք է. «Այսօրվա մեր այս խեղճուկրակ Հայաստանն էլի Եղեռնի հետեւանք է, որովհետեւ մենք, կարելի է ասել, երբեք չենք ունեցել պետականություն։ Ավելի ճիշտ՝ մի երկու անգամ ունեցանք, բայց կորցրինք եւ չենք հասկանում՝ այդ ինչ բան է»։
Ռեժիսորը համոզված է, որ եթե այսօրվա մասին ֆիլմ նկարահանեն, ինքը կասի՝ էլի Եղեռն է։ Եվ չի ընդունի, եթե նորից սկսեն ցույց տալ, թե ինչպես են մորթում, ինչպես են կնոջ փորից երեխա հանում եւ այլն։ «Ա՛յ, ո՞նց են անում հրեաները, էդ ոնց են ներկայացնում իրենց Եղեռնը՝ Հոլոքոստը. «Շինդլերի ցուցակը» նայում ես ու…ա՛յ դա ֆիլմ է։ Էդ մակարդակը որ լինի, ես կասեմ՝ բրավո»,-ասաց մեր զրուցակիցը, ով դեմ է լացկանությանը։ Ապա հավելեց, որ բոլորը սիրում են «Արարատ» ֆիլմը, բայց ինքը չի սիրում այն, որովհետեւ ցույց են տալիս կոտորածը, ինչը շատ պարզունակ է. «Ես բեմադրել եմ Եղեռնին նվիրված ներկայացում եւ կարծում եմ, որ դա իսկապես շատ լուրջ գործ էր։ Նկատի ունեմ Կալինովսկու «Հրեշը լուսնի վրա»-ն, որը ներկայացնում է Եղեռնի հետեւանքը, այլ ոչ թե ցույց տալիս, թե ինչպես են մորթում։ Դա արդեն լսել ենք, հերիք է, հասկացանք»։
Մեր մյուս զրուցակիցը գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանն է, որը հակված է այն կարծիքին, որ անհրաժեշտ է վավերագրական ֆիլմեր նկարահանել. «Ժամանակակից աշխարհը փաստ է սիրում, որի հոգեբանական ազդեցությունը վիթխարի է, ուստի հետաքրքիր ու նաեւ, հավանաբար, ավելի արդյունավետ կլիներ, եթե մենք 2015 թվականին ընդառաջ՝ վավերագրական ֆիլմերի մի ամբողջ շարք պատրաստեինք՝ 10 րոպե, 20 րոպե, 35 րոպե տեւողությամբ, ամենատարբեր բնույթի, բովանդակության, տարբեր ասպեկտներով, տարբեր անձեր, երեւույթներ լինեին»:
Ըստ կինոգետի՝ դրանք 2015-ի ընթացքում պետք է կարողանանք պտտեցնել աշխարհով մեկ՝ տարբեր հեռուստաընկերությունների առաջարկելով, վաճառելով, ցուցադրելով։ «Սա, ինձ թվում է, 1915 թվականը կինոյի լեզվով եւ կինոյի ազդեցությամբ ներկայացնելու, հնարավորինս լայն հասարակական տարածություն նվաճելու ուղիներից մեկն է»,-համոզված է Դ. Մուրադյանը։ Նա նաեւ կարծում է, որ ճիշտ կլիներ, եթե մշակվեր ամբողջ թեմատիկ ցանկը նույնպես, համապատասխան հայտեր ընդունվեին, քննարկվեին, նշանակետեր վերցվեին. «Այդպիսի ֆիլմեր արժե անել ե՛ւ Արեւելքի, ե՛ւ Արեւմուտքի կինոշուկաների ու միջավայրերի համար։ Սա, իմ կարծիքով, բավականաչափ արդյունավետ ճանապարհ կլինի, որովհետեւ մենք վավերագրական կինոյի լավ վարպետներ ունենք ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում։ Այս գործը սկսելը մի քիչ արդեն ուշ է, բայց դեռ շատ ուշ չէ. համենայնդեպս, մեկ տարվա ընթացքում որոշ քանակությամբ ֆիլմեր հնարավոր կլինի արտադրել»։
Մեր զրուցակցին հիշեցրինք, որ ուշացման մեղավորը համապատասխան հանձնաժողովն է, բացի այդ՝ «Ոսկե ծիրան»-ի ժամանակ նաեւ վավերագրական կինոնկարների մասին էր խոսվում, բայց այդպես էլ համապատասխան նախագծերը չքննարկվեցին։
Իսկ կարելի՞ է արձանագրել, որ լիամետրաժ կինոնկարների ծրագիրը ձախողվեց, եւ այն իրեն արդեն չի արդարացնի։ Կինոգետը համաձայն չէ այս պնդմանը եւ որպես լավ օրինակներ՝ ներկայացնում է Անրի Վեռնոյի «Մայրիկ»-ը, Ատոմ Էգոյանի «Արարատ»-ը, ինչպես նաեւ մեր «Նահապետ»-ը, «Ձորի Միրոն», որոնք ժամանակին հսկայական դեր խաղացին։ «Ունենք նաեւ կարճամետրաժ ֆիլմերի դրական փորձ։ Բայց, ամեն դեպքում, խոշոր կտավի գեղարվեստական խաղարկային ֆիլմ նկարելու համար, կարծես թե, առանձնապես շատ ժամանակ չունենք։ Էլ չեմ ասում, որ, իհարկե, այդպիսի ֆիլմ նկարելը պահանջում է բավականաչափ թարմ հայացք, ճիշտ գտնված սյուժե, որպեսզի կարողանա խոսել միլիոնների հետ»,-եզրափակեց կինոգետը։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս