«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վերջին շրջանում, հատկապես թանկացումների համատեքստում, օրեցօր աղետալի է դառնում ՀՀ քաղաքացիների վիճակը։ Աղքատ կամ ծայրահեղ աղքատ է յուրաքանչյուր երրորդ բնակիչը, գործազուրկ է յուրաքանչյուր երկրորդը։ Աշխատողների գերակշիռ մասի աշխատավարձն էլ չի գերազանում նվազագույն աշխատավարձը։ Բնակչության մեծ մասն էլ գոյատեւում է դրսից ստացված գումարներով։ Չգիտես արտագաղթով, թե սոցիալական վիճակով պայմանավորված, նվազել են նաեւ հարսանյաց ճոխ հանդիսությունները։
««ՉԻ» տեղեկություններով ռեստորաններում սկսել են «նիսիայով» հարսանիքներ անել: Ծանր վիճակում են հայտնվել հատկապես մարզերում ու շրջաններում զտնվող ռեստորանները: Այստեղ սեփականատերերի ձեռքի տակ հարսանիք կատարած մարդկանց զգալի մեծ պարտքացուցակներ են, ինչը նախկինում չի եղել: Ինչքան էլ անցանկալի է ապառիկով խնջույք կազմակերպելը, ռեստորանների տերերը գնում են այդ քայլին, հակառակ պարագայում անգործության կմատնվեն: Ավելին, նրանք բացի ապառիկի պայմանից, համաձայնվում են նաև, որպեսզի հարսանքատերը դրսից բերի միսը և խմիչքը:
Իրականում, եթե մի երկու տարի առաջ երգիչներ Թաթան եւ Արման Հովհաննիսյանը մեծ պահանջարկ էին վայելում նաեւ սովորական հարսանիքների ժամանակ, ապա հիմա նրանք հրավիրվում են միայն խիստ էլիտար հարսանիքների: Ի դեպ, մի հետաքրքիր փաստ եւս. նախկինում հարսանքատերերը շատ հաճախ դիմում էին Արտակարգ իրավիճակների նախարարության եղանակի տեսության ծառայաթյանը՝ եղանակով պայմանավորված հարսանիքի օրը որոշելու համար: Ասել է թե, «եղանակ էին ստեղծում» սեփական խնջույքի համար: Հիմա նվազել է նաեւ եղանակի հանդեպ հետաքրքրությունը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում