8 տարվա ընթացքում ընտանիք է վերադարձել 295 երեխա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման, շուրջօրյա հաստատություններ երեխաների հոսքի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2006 թվականից իրականացնում է Հայաստանի Հանրապետության երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում  խնամվող երեխաներին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ  ծրագիրը:

Նշենք, որ այս ծրագիրը իրականացվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, հասարակական կազմակերպության կողմից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակներում Լոռու մարզի հաստատություններում (Վանաձորի մանկատուն, Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն, Վանաձորի N 1 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն, Ստեփանավանի կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների գնահատման կենտրոն, Սպիտակի թիվ 1 հատուկ հանրակրթական հաստատություն) խնամվող երեխաները վերադարձել են կենսաբանական ընտանիքներ, ինչպես նաև կանխարգելվել է ռիսկի ենթակա երեխաների մուտքն այդ հաստատություններ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով` 2006 թվականին Լոռու մարզի հաստատություններում խնամվում էր շուրջ 1000 երեխա: Երեխաների ոլորտում իրականացվող սոցիալական բարեփոխումների քաղաքականության շրջանակներում իրականացված հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների վերակազմակերպման գործընթացի արդյունքում շուրջ 200 երեխա վերադարձել է ընտանիք:

Իսկ վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2006 թվականից մինչ օրս Լոռու մարզի հաստատություններից ընտանիք է վերադարձել շուրջ 295 երեխա, և 105 երեխայի մուտքը հաստատություններ կանխարգելվել է: Ներկայում այդ հաստատություններում խնամվող երեխաների թիվը շուրջ 450 է:

Նախարարությունը հավաստիացնում է, որ անհրաժեշտ է սույն ծրագիրն իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում:




Լրահոս