Որո՞նք են Ա. Խոջոյանի նոր հիվանդությունների պատճառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը, ով վերջերս է վերադարձել ադրբեջանական գերությունից, շարունակում է բուժումներ ստանալ:

Armlur.am-ի հետ զրույցում Արսենի մայրը` Սվետլանա Խոջոյանը, հայտնեց, որ որդու մոտ հայտնաբերվել է մաշկային հիվանդություն` փսորիաս:

Սվետլանա Խոջոյանի փոխանցմամբ` տղան դեղորայքային բուժում է ստանում, ինչին զուգահեռ նաև Սևանում անասնապահությամբ է զբաղվում:

«Հիմա հիվանդանոցում ենք: Նորից դեղեր են նշանակել ու ասացին, որ բուժումները դեռ պիտի շարունակվեն: Էտ մաշկային հիվանդությունը էնտեղից գալուց հետո ա առաջացել: Մինչև դա չի եղել: Բժիշկներն էլ ասեցին, որ արտաքին ազդեցությունից կարող ա առաջացած լինի, բայց վարակիչ չի»,- շարունակելով խոսքը՝ ասաց հայրենադարձված գերու մայրը` հավելելով, որ իր մյուս երեխաները` 15 և 8 տարեկան, նույնպես բուժումներ են ստանում: Մեկի մոտ, մոր խոսքերով, կերակրափողի հետ կապված խնդիրներ են, մյուսի մոտ` սրտի:

«Արսենը հիմա Սևանում կով է պահում` անձրևին էլ, շոգին էլ: Ի՞նչ անի բա, ուրիշ ձև չենք կարա: Մնացած էրեխեքս շատ փոքր են, որ իրանք աշխատեն, Արսենն էլ հանգստանա: Բարգավաճ կուսակցությունից պարոն Էնֆիաջյանը երեկ հիվանդանոցում 200 հազար դրամ տվեց: Ու նախարարությունն էլ շատ օգնում է բուժումների ու դեղորայքի հարցում»,- հայտնեց Արսեն Խոջոյանի մայրը:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա Արսեն Խոջոյանը, հատելով սահմանը, հայտնվել էր գերության մեջ և ավելի ուշ վերադարձվել հայրենիք:




Լրահոս