Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հուլիսի 14-ին ընդունեց Բուլղարիայից ժամանած խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին Բուլղարիայի Ազգային ժողովում Բուլղարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Աթանաս Զաֆիրովը եւ խմբի անդամ Դիմիտար Նիկոլով Լազարովը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում կողմերը բարձր գնահատեցին հայ-բուլղարական ավանդական բարեկամության վրա հիմնված քաղաքական երկխոսությունը, ինչպես նաեւ դրա հետագա զարգացման կարեւորությունը: Այս համատեքստում անդրադարձ կատարվեց միջխորհրդարանական կապերի խթանման անհրաժեշտությանը:
Բուլղարական պատվիրակությունը նշեց, որ Բուլղարիայում Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ կա մեծ համակրանք, որը լավ հիմք է հանդիսանում տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար:
Ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց նաեւ բազմակողմ հարթությունում Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ համագործակցության խորացման անհրաժեշտությանը: