Ադրբեջանցի «ոչ դիվերսանտները» հարազատներից գաղտնի են պահել իրենց գտնվելու վայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գերեվարված ադրբեջանցի դիվերսանտների վերաբերյալ պաշտոնական Բաքուն և նրանց հարազատները շարունակում են դիմել տարբեր միջազգային ատյաններին:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ գերեվարված Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի, ինչպես նաև՝ սպանված Հասան Հասանովի ազգականները դիմել են «Կարմիր խաչի» միջազգային կազմակերպությանը:

Պաշտոնական մարմիններն ու հարազատները միաձայն շարունակում են պնդել, որ Քարվաճառում դիվերսիոն գործողություններ և սպանություններ իրականացրած ադրբեջանցիները խաղաղ բնակիչներ են և միանգամայն խաղաղ զբաղմունքների տեր:
Սակայն այս հարցում ակնհայտ խառնաշփոփ գոյություն ունի: Օրինակ՝ Շահբազովը, որին ադրբեջանական լրատվամիջոցները, չգիտես ինչու, բեռնատարի վարորդ են անվանում, եղբոր վկայությամբ՝ հաճախ է մեկնել Քարվաճառ՝ նկարահանումների: Թե ինչու էր նա, իր բեռնատարը թողած, նկարահանումներով զբաղվում, ինչ էր նկարահանում, և ով էր դրա համար վճարում, չի պարզաբանվում:

1978թ. ծնված Հասանովի եղբայրը՝ Նաիլ Հասանովը, լրագրողներին ասել է, որ իր եղբայրը տաքսու վարորդ էր, հետո էլ՝ ավելացրել, որ նա իր բնակության վայրում խանութ ունի:

Այս ամենը կարող էր աննշան թվալ, եթե չլիներ գլխավոր թյուրիմացությունը: Բոլոր դիվերսանտների հարազատները հայտարարում են, որ նրանց գտնվելու վայրի մասին իրենց ոչինչ հայտնի չէր, և որ իրենց ընտանիքի անդամների ճակատագրի մասին տեղեկացել են հայկական լրատվամիջոցների հրապարակումների շնորհիվ:

Ասքերովի որդին նշել է, որ կատարվածի մասին տեղեկացել է համացանցից. «Հայրս հաճախ Ռուսաստան էր մեկնում: Մենք կարծում էինք, որ նա այնտեղ է: Հետագայում ինտերնետում կարդացինք, որ նա գնացել է Քելբաջարի շրջան: Բնականաբար, ոչ մի դիվերսիայի մասին խոսք լինել չի կարող», – հայտարարել է կրտսեր Ասկերովը:

Իր եղբոր՝ Քարվաճառում գտնվելու մասին տեղյակ չի եղել նաև 1968թ. ծնված Շահբազ Գուլիևի եղբայրը: Իսկ սպանված Հասանովի եղբայրը հայտարարել է, որ իրենց կարծիքով՝ Հասանը պետք է որ Թուրքիայում լիներ:

«Մենք գաղափար անգամ չունեինք, որ նա Քարվաճառ է գնացել: Մեզ նա ասել էր, որ մեկնում է Թուրքիա», – հայտարարել է Նաիլ Հասանովը:

Չիմանալով իր եղբոր՝ Քարվաճառ մեկնելու մասին, Հասանովը, սակայն, տեղյակ է եղել նման քայլի պատճառներին: «Նա պատերազմը սկսվելուց հետո առաջին անգամ է Քարվաճառ գնացել: Դրա պատճառն այն է, որ նա հայրենասեր է», – հայտարարել է սպանված դիվերսանտի եղբայրը:

Տարօրինակ է նաև այն փաստը, որ միաժամանակ Հայաստանում հայտնված ադրբեջանցիները բնակվում են երկրի տարբեր վայրերում: Օրինակ՝ Շահբազ Գուլիևը, իր եղբոր վկայությամբ, բնակվում է Սումգաիթ քաղաքում, իսկ Հասանովը Ջաբրաիլի շրջանի Մեղդիլի գյուղից է:

Ավելին, հարազատները տեղյակ չեն եղել նաև Քարվաճառ ժամանած խմբի անդամների կապերի մասին: «Մենք չգիտեինք Դիլհանի և Շահբազի հետ նրա կապերի մասին, ում հետ միասին նա Քարվաճառ էր մեկնել», – խոստովանել է Հասան Հասանովի եղբայրը:




Լրահոս