Ռուսատանյան լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին ձերբակալելու մասին: Դեպքի հետ կապված հայտարարություն է տարածել Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Նրա կարծիքով, «այս ակցիայի նպատակն է ստվեր գցել հայ-ռուսական բարեկամության վրա, կասկածի տակ դնել Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության հարցը» և որոշ չափով խոչընդոտել Արցախի բանակի կառուցմանը:
«Թվարկվածը հանգեցնում է Լևոն Հայրապետյանի ձերբակալության քաղաքական պատվերի մտքին»,- նշում է Կոմանդոսը: Նրա խոսքով, կատարվածը խորապես զարմացրել է հայտնի հայ բարեգործին լավ ճանաչող բոլոր մարդկանց: «Միակ պետությունն աշխարհում, որը հիմքեր ուներ դժգոհ լինելու Լևոն Հայրապետյանի գործունեությունից, հանդիսանում է Ադրբեջանի հանրապետությունը, որի ղեկավարությունը մշտապես մեծ խանդով է վերաբերում հայկական պետությունների հաջողություններին» – հայտարարում է ազատամարտիկը: Նրա խոսքով, Ադրբեջանն իր նավթադոլարներն օգտագործում է սեփական խնդիրները սովորական կաշառքի միջոցով լուծելու համար, ինչը միջազգային տերմինաբանության մեջ ստացել է «խավիարային դիվանագիտություն» անվանումը:
«Ցավոք, Ռուսաստանի որոշ կառույցներում, այդ թվում նաև Անվտանգության դաշնային ծառայությունում, դեռևս աշխատում են անազնիվ մարդիկ, ովքեր պատրաստ են «երեսուն արծաթի» դիմաց հանդես գալ իրենց երկրի շահերի դեմ: Իսկ այն, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուժեղ հայկական պետությունների առկայությունը բխում է Ռուսաստանի դաշնության շահերից, համոզված եմ՝ ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում»,- հայտարարել է Արկադի Տեր-Թադևոսյանը: