Գործնական պարապմունք ՀՀ ոստիկանությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որի թեման պետական պահպանության եւ անձնագրային ու վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումների ու ոստիկանության տարածքային բաժինների աշխատանքի համակարգման խնդիրներն էին:

Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը անդրադառնալով հիշյալ ոլորտների ծառայողների գործառնական պարտականություններին եւ դրանց լիարժեք ու պրոֆեսիոնալ իրականացման անհրաժեշտությանը, միեւնույն ժամանակ ընդգծեց հանցագործությունների, այդ թվում՝ նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման արդյունավետության բարձրացման առաջնահերթությունը: Ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը եւ շտաբի պետ Վարդան Եղիազարյանը մանրամասն անդրադարձան պետական պահպանության եւ անձնագրային ու վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներին առաջադրված խնդիրներին, քննարկվեցին նրանց գործունեության օրենսդրական դաշտի հարցերը, ոստիկանության տարածքային բաժինների հետ փոխգործակցության առանձնահատկությունները, շեշտվեց աշխատանքում յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվության բարձրացման եւ աշխատանքային ու կատարողական կարգապահության բարելավման անհրաժեշտությունը:

Գործնական պարապմունքի ընթացքում, որին բացի հիշյալ ստորաբաժանումների ղեկավարներից, մասնակցում էին նաեւ ոստիկանության տարածքային բաժինների պետեր, կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տրվեցին ոլորտում աշխատանքի կազմակերպման եւ արդյունավետության բարձրացման ուղղությամբ:




Լրահոս