«ԻՆՁ ՍԱՐՔԵԼ ԵՔ ԱԶԳԻ ԹՇՆԱՄԻ, ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնի է, որ ՀՀԿ-ն որոշել է թիվ 18 ընտրատարածքում (Արարատի մարզ)  սատարել ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին` Ավշարի Արայիկին: Նշենք, որ Ավշարի գինու գործարանի սեփականատերը 2007-ին խորհրդարան է մտել Դաշնակցության համամասնական ցուցակով եւ հիմա էլ նույն խմբակցությունից է: ՀՀԿ-ի ՀՅԴ-ական թեկնածուի դեմ  ԲՀԿ-ից առաջադրվելու է ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը` Շերիֆը:   
-Պարո՛ն Գրիգորյան, ԱԺ առաջիկա ընտրություններին Ձեր թեկնածությունը մեծամասնականով առաջադրելո՞ւ եք:
-Այո՛, դնելու եմ, արդեն որոշել եմ, իսկ ինչո՞ւ ոչ:
-Այսինքն` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ խոսե՞լ եք Ձեր թեկնածության վերաբերյալ:
-Այո՛, խոսել եմ, ես կուսակցությամբ եմ առաջադրվելու:
-Իսկ ինչո՞ւ որոշեցիք մտնել քաղաքական դաշտ:
-Իսկ ինչո՞ւ չմտնեի որ: Մեր երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը դեռ ժամանակին այս հարցին պատասխանեց այս ձեւով, որ կա՛մ մենք ենք զբաղվում քաղաքականությամբ, կա՛մ էլ քաղաքականությունն է մեզնով զբաղվում: (Դրանք Մաքիավելլիի հայտնի խոսքերն են-Ս.Գ.):
-Ի՞նչ եք անելու քաղաքական դաշտում:
-Քաղաքական դաշտում… կուսակցության մեջ ենք մտել, կուսակցությունը ոնց կորոշի հետագայի համար: Ես կարծում եմ, որ 51 տարեկան գեներալ-լեյտենանտին թոշակավորել ու դուրս գրելը սխալ է, մեր պետությունն էդ ռեսուրսները չունի, որ դուրս գրի:
-ԲՀԿ-ում Ձեզ հարմարավե՞տ եք զգում:
-Այո՛, ես ինձ տեսնում եմ ԲՀԿ-ի մեջ` կուսակցության անդամ ու կուսակցության նախագահի կողքին: Ես հստակ որոշել եմ, որ ԲՀԿ անդամ եմ, կուսակցության ներսում եմ, առաջադրվում եմ, ու բնականաբար, առանց պայքար չի լինելու մեր  գործը:
-Հիմա կարծես սովորական երեւույթ է դարձել մի կուսակցությունից մյուս կուսակցություն տեղափոխվելը, հնարավո՞ր է` ապագայում Ձեզ ուրիշ կուսակցության շարքերում տեսնենք:
-Դա բացառվում է, ես ընդհանրապես իմ որոշումները չեմ փոխում, ես առաջին անգամ իմ կյանքում մտել եմ կուսակցության մեջ եւ մինչեւ վերջ այնտեղ եմ լինելու: Ես իմ կյանքում առաջին անգամ եմ դարձել կուսակցական, ես երբեք ոչ մի կուսակցության մեջ չեմ եղել, մտել եմ ԲՀԿ եւ ԲՀԿ-ում էլ մնալու եմ:
-Մարտի 17-ին ԲՀԿ-ի համագումարն է, Դուք ներկա լինելո՞ւ եք, ելույթ ունենալո՞ւ եք:
-Պարտադիր ներկա եմ լինելու, ես քաղխորհրդի անդամ եմ եւ պարտավոր եմ լինել համագումարին: Չէ՛, երեւի ելույթ չեմ ունենալու, առայժմ վաղ եմ համարում ելույթ ունենալը:
-Բոլորը մարտի 1-ով են հիշում…
-Հերի՛ք ա քաղաքական հարցեր տաք, էլի՛, էլի մարտի 1-ով… գիտե՞ս` մարտի 1-ը որտեղիս ա հասել, մարտի 1-ը… դու որեւէ բան գիտե՞ս մարտի 1-ի մասին, իրականում, ռեալ իրականության մեջ: Ինձ դարձրել եք մարտի 1-ի դեմք, էս, էն… ես մարտի 1-ին շատ բան եմ արել, որպեսզի արյունահեղություն չլինի, էս չլինի, էն չլինի… բայց ինձ սարքել եք ազգի թշնամի, ազգի դավաճան, էդպես չի կարել չէ: Մարտի 1, հա մարտի 1: Մարտի 1-ին ես եղել եմ պետական ծառայության մեջ, կատարել եմ իմ առջեւ դրված խնդիրները, ամեն ինչ արել եմ օրենքի շրջանակներում:
-Պարո՛ն Գրիգորյան, մտավախություն չունե՞ք, որ այնուամենայնիվ, մարտի 1-ին Ձեր ունեցած դերակատարության պատճառով ԱԺ ընտրություններում Ձեր հնարավորությունները կնվազեն:
-Չէ՛, չունեմ: Մտավախություն չունեմ, որովհետեւ ես ո՛չ մարտի 1-ից առաջ, ո՛չ դրանից հետո լուրջ, չգիտեմ, ճակատագրական սխալներ չեմ արել որեւէ մեկի հանդեպ, առավել եւս մեր պետականության դեմ, որ մտավախություն ունենամ:
-Ի՞նչ փոխհարաբերությունների մեջ եք Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի եւ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
-Նորմալ, նախկին կոլեգաներ ենք, նորմալ հարաբերվում ենք: Հովիկ Աբրահամյանին էլ ես միշտ համարել եմ իմ ավագ ընկերներից մեկը: Մենք իրար հետ որեւէ խնդիր չունենք:
-Ձեր պաշտոնանկությունից հետո Սերժ Սարգսյանի հետ երբեւէ հանդիպե՞լ եք:
-Գիտեք ինչ, Սերժ Սարգսյանը հանրապետության նախագահն ա, ամենածանրաբեռնված մարդը: Չէ՛, չեմ հանդիպել նրա հետ, առիթ չի եղել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս