ԱՅԼԱՆԴԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը չեն դադարում ժողովրդին անընդհատ ծաղրելուց: Կառավարության երեկվա հերթական նիստում վարչապետը կրկին իր տարերքի մեջ էր. պատմական Երեւանի կենտրոնը վերացնելուց եւ Հյուսիսային պողոտայի էլիտար շինություններով այլանդակելուց հետո Տիգրան Սարգսյանը երեկ հայտարարեց «Հին Երեւան» քաղաքաշինական ծրագրի մեկնարկի մասին: Ընդ որում, այդ ծրագիրն էլ իրականացնելու են այն ընկերությունները, որոնք գործուն մասնակցություն են ունեցել քաղաքի տեսքի այլանդակմանը:
Ակնհայտ է, որ այս որոշման հիմքում ոչ թե մտահոգությունն է քաղաքի արտաքին տեսքի հանդեպ, այլ ռեժիմը փորձում է ԱԺ ընտրությունների նախաշեմին ժողովրդի բարեհաճությանն արժանանալ: Ուստի հիմա զբաղված է պոպուլիզմով: Ընդ որում, ուշագրավ է այն հանգամանքը, որ համապետական ընտրություններում իշխանությունները գերազանցապես պարտություն են կրել: Ու հիմա նրանք փորձում են կոնկրետ քայլեր անել հենց երեւանցիների սիրտը շահելու համար: Միայն թե անհասկանալի է մեկ այլ հանգամանք. վերջին տարիներին Երեւանի բոլոր քաղաքապետերը եղել են ՀՀԿ-ականներ: Ու անհասկանալի է՝ ինչու նրանք ժամանակին չէին զբաղվում «Հին Երեւանով», այլ ծրագիրը փորձում են իրականացնել այս ընտրություններից առաջ: Այն էլ քաղաքն անճանաչելիորեն «այլանդակելուց» հետո:
Վարչապետը մի կողմից խոսում է «Հին Երեւան» ծրագրի մասին, մյուս կողմից, այնուամենայնիվ, հայտարարում Մաշտոցի պողոտայում տաղավարների տեղադրման մասին: Ճիշտ է, ըստ Տիգրան Սարգսյանի` կրպակները տեղադրվելու են երեք տարի ժամկետով: «Քաղաքապետի հետ միասին հանդես ենք եկել քաղաքական հայտարարությամբ, այն է, որ մենք դեմ ենք մշտական տաղավարներին Մաշտոցի պուրակում ու դրանով իսկ փարատել ենք մեր քաղաքացիների մտավախությունն առ այն, որ այդ տաղավարներն այնտեղ լինելու են մշտական: Ճարտարապետների հետ հանդիպման ժամանակ հարց հնչեցվեց, թե այդ ժամանակավորն ինչքան է: Այստեղ էլ պատասխանը հստակ է` առավելագույնը երեք տարի, եւ դա պայմանավորված է «Հին Երեւան» նախագծի իրականացմամբ, քանի որ Մաշտոցի պուրակը «Հին Երեւանի» հենց մուտքն է լինելու, եւ ճարտարապետական լուծումներն էլ տվել է հենց քաղաքապետարանը»,-ասել է նա: Սակայն անհասկանալի է՝ այդ դեպքում ինչու նրանք, այնուամենայնիվ, որոշել են ամեն գնով տեղադրել կրպակները եւ չզիջել: Մանավանդ որ հայտարարում են երեք տարի հետո այդ կրպակներն ապամոնտաժելու մասին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս