2012 թվականի հուլիսի 12-ին ինքնասպան եղած 21-ամյա Մարո Գուլոյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Մինասյանը հաղորդագրություն է տարածել՝ գործով վճռաբեկ բողոքը վերադարձնելու վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«21-ամյա Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանությունից անցել է արդեն 2 տարի, բայց գործով ճշմարտությունն այդպես էլ մնացել է չբացահայտված:
Այս տարվա հուլիսի 16-ին ՀՀ Վճռաբեկ դատարանից ստացված որոշումը, որով վճռաբեկ բողոքը վերադարձվել էր, Մարոյի մահվան մութ պատմությունը բացահայտելու և արդարությունը վերականգնելու վերջին ներպետական հնարավորությունն էր:
Ըստ Վճռաբեկ դատարանի՝ տվյալ գործով օրենքի միատեսակ կիրառության հարցում դատարանի որոշման էական նշանակություն ունենալու, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված առերևույթ դատական սխալի վերաբերյալ եզրահանգումներ անելու հիմքեր չկան:
Չնսեմացնելով Վճռաբեկ դատարանի դերակատարությունն օրենքի պահպանության հարցում՝ տուժողի իրավահաջորդը, այնուամենայնիվ, բացարձակ համաձայն չէ Վճռաբեկ դատարանի դիրքորոշման հետ և պատրաստվում է արդարություն և իրավունքների պաշտպանություն հայցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանից:
Մարո Գուլոյանի գործով թույլ տրված սխալները խախտել են ոչ միայն ներպետական, այլև Եվրոպական Կոնվենցիայի դրույթների և Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների պահանջները»:
Հիշեցնենք, որ Մարո Գուլոյանի հարազատները պնդում են, թե նա իրականում ինքնասպան չի եղել, այլ սպանվել է ամուսնու` Գևորգ Գուլոյանի կողմից: