Այսօր Մոսկվայում ձերբակալված հայտնի հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը մեղադրվում է «Բաշնեֆտ»-ի վաճառքի ժամանակ ֆինանսական մեքենայություններ կատարելու մեջ:
Ինչպես Rosbalt-ին հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, Հայրապետյանին կարող է մեղադրանք ներկայացվել գումարների վատնման և հանցավոր եկամուտների օրինակացման հոդվածներով: Հետաքննւթյան տվյալներով, հանցագործությունը կատարվել է 2008թ.-ին «Բաշնեֆտի» վաճառքի ժամանակ, որին մասնակցություն ուներ նաև Լ. Հայրապետյանը: Նա իբր անհիմն ձևով մեծ տոկոս է ստացել այդ գործարքից: Անցած գիշեր «Պրեզիդենտ հոթելում» գտնվող նրա գրասենյակը խուզարկության էր ենթարկվել, որի ընթացքում հայտնաբերվել էր ՊՄ ատրճանակի փամփուշտների երկու փաթեթ:
Միջոցառումներ իրականացվում են «կինգիսեպյան» խմբավորման անդամների և ղեկավարների դեմ հարուցված գործի շրջանակներում: Ռուսաստանի Քննչական կոմիտեում ենթադրում են, որ խմբի մի մասը վերացվել է այժմ ցմահ բանտարկված նախկին սենատոր Իգոր Իզմեստյևի պատվերով:
«Սպանություններին Հայրապետյանն առնչություն չի ունեցել, սակայն այդ ընկերության տնտեսական խարդախության հետ կապված գործը հետաքննվում է «կինգիսեպյան» գործի շրջանակներում»,- պարզաբանել է գործակալության աղբյուրը: