ԱՆՀԱՄԵՄԱՏԵԼԻ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես վերջին մեկ-երկու տարիներին Հայաստանում արմատավորված հակառուսական տրամադրությունները բավականին տեսանելիորեն դրսեւորվեցին դեկտեմբերի 2-ին Պուտինի` Հայաստան կատարած այցի ընթացքում, ընդ որում` առավելապես քծնանքախեղդ լինող ՀՀ իշխանությունների ջանքերի շնորհիվ: 

Այսօր Վլադիմիր Պուտինը մեր հայրենակիցների մի զգալի մասի մոտ ընկալվում է որպես բռնապետական արժեհամակարգ կրող քաղաքական գործիչ, որի նախագահությամբ Ռուսաստանը գլորվում է հետ` հետզհետե ավելի ու ավելի հեռանալով ժողովրդավարական արժեքներից ու երկիրը ընկղմելով ռուսական ազգայնականության ու կայսերապաշտության խավարի մեջ:
Սակայն անգամ Վլադիմիր Պուտինին չսիրողները եւ նրան բռնապետ համարողները չեն կարող չնկատել, որ այդ գործիչը տարեկան առնվազն մեկ անգամ հասանելի է ու բաց աշխարհի բոլոր լրատվամիջոցների համար: Իր հերթական ամենամյա ասուլիսում, որը կայացավ երեկ եւ տեւեց ավելի քան չորս ժամ, Պուտինը պատասխանեց գրանցված 1300 ռուսական եւ արտասահմանյան լրագրողների հարցերին: Եվ բնականաբար, ինչպես եւ նախորդ տարիներին, ՌԴ նախագահին ուղղվեցին նաեւ անցանկալի հարցեր:
Նույն Պուտինը ժամանակ առ ժամանակ նաեւ իրականացնում է Ռուսաստանի քաղաքացիների հետ մի քանի ժամ տեւող համացանցային օնլայն հարցուպատասխան, որի ընթացքում եւս, չնայած ենթադրելի ֆիլտրումներին, տեղ են գտնում անցանկալի եւ բավականին սուր հարցեր:
Հաշվի առնելով այն, որ Հայաստանում գրեթե ամեն ինչում իշխանությունները փորձում են նմանակել ռուսականը, փորձենք հիշել, թե քանի անգամ է նման ասուլիս տվել Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանը: Իր արդեն հինգուկեսամյա պաշտոնավարման ընթացքում եղե՞լ է որեւէ դեպք, երբ նա պատասխանի միանգամից մի քանի տասնյակ տեղի եւ արտերկրի լրագրողների հարցերի, էլ չասած` սեփական քաղաքացիների ուղիղ հարցադրումներին: Նման բան չի եղել, քանի որ պարզապես չէր կարող լինել:
Ավելին, մամլո ասուլիս հրավիրելու պարտադիր աշխատանքային պրակտիկան վերացավ նաեւ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակների մոտ: ՀՀ նախագահի խոսնակներից վերջինը, որը մամլո ասուլիս է հրավիրել, եղել է Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:
Իսկ առավելագույն խիզախությունը, որն իրեն թույլ է տվել Սերժ Սարգսյանը, դա անցած մարտին ընտրովի մի քանի իշխանական ԶԼՄ-ների հետ հանդիպումն էր, որի տեսագրությունն էլ, ինչպես հիշում ենք, տարածվեց նախագահականի լրատվականի մոնտաժմամբ: Ու չնայած դրան, այդ մեկ մոնտաժված ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանն այնքան վրիպումներ թույլ տվեց, որ մինչեւ հիմա նրա պատասխանները մեջբերվում են` որպես առկա իրականության եւ նրա ասածի բացարձակ անհամապատասխանության արձանագրում:




Լրահոս