DJ-Ն ԷՐ ՊԱԿԱՍ
Մեկնաբանելով իր` պատգամավոր դառնալու մասին լուրերը, երիտասարդության շրջանում հայտնի DJ Vakcina-ն Aravot.am-ին ասել է. «Ես այնպիսի մարդ եմ, որն իր կողքին ունի որոշակի թվով երիտասարդներ: Ես կարող եմ ազդել նրանց կարծիքի ու որոշման վրա, բայց նմանատիպ քայլեր չեմ անում: Իմ հետեւից եկող բանակին էլ որեւէ կուսակցություն չեմ ուղղորդում: Եթե, օրինակ, այդպիսի ամբիցիաներ ունենայի, կինքնաառաջադրվեի: Բայց հիմա նման բան չեմ անում, իմ պատգամավոր դառնալու ժամանակը դեռ չի հասունացել»:
ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր է հղել ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակին (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ): Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակից` հավելելով, որ դիտորդների առաջին խումբը կժամանի հաջորդ շաբաթ: Դիտորդական առաքելություն են իրականացնելու ԵԱՀԿ-ի 24 կարճաժամկետ եւ 250 երկարաժամկետ դիտորդներ:
ՄՏՆՈՒՄ Է
«Փարիզյան սուրճ»-ի նախկին տիրուհի Աշխեն Վալերի Գործունյանն իր սրճարանը վաճառելուց հետո էլ մեծ սիրով որպես այցելու մտնում է սրճարան: Ճիշտ է, մինչեւ վաճառքն ահավոր սթրեսի մեջ էր. ի վերջո, 16 տարվա բիզնեսը թողնելն եւ հեռանալը ծանր է: «Չեմ ամաչի, կասեմ` նույնիսկ հոգեբանի ծառայությունից եմ օգտվել, բայց, ի վերջո, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց»,-Henaran.am-ին ասել է գործարաը: Հիշեցնենք, որ նա Հայաստանից հեռացել է բիզնեսում ունեցած խնդիրների պատճառով: Նա ուներ չկատարած հարկային պարտավորություններ, ինչը, սակայն, տիկին Աշխենը հերքում է` ասելով, որ բոլոր վճարումներն արվել են ժամանակին:
ՈՒՄԻ՞Ց Է ՊԱԿԱՍ
Henaran.am-ի տեղեկություններով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի մարտի 17-ին կայանալիք ԲՀԿ համագումարում հնչի ՌԴ նորընտիր նախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պուտինի ուղերձը: ԲՀԿ առաջնորդն աշխատում է, որ ուղերձը ոչ թե նամակի տեսքով ստանա, այլ Պուտինի աշխատակազմից ինչ-որ մեկը մասնակցի համագումարին եւ անձամբ կարդա ուղերձը: Ըստ կայքի` ուղերձի տեքստը պատրաստ է, մնում է` բերող գտնվի: Հիշեցնենք, որ անցած շաբաթ օրը կայացած ՀՀԿ 13-րդ համագումարին Պուտինը շնորհավորական ուղերձ էր հղել:
ՀՀԿ+ՀԺԱՄ
ՀԺԱՄ քաղաքական խորհուրդը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «ՀԺԱՄ կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացնում` սկսել միավորման գործընթաց Հայաստանի հանրապետական կուսակցության հետ` միասնական ջանքերով առկա խնդիրների լուծման եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար»:
ՆՈՐ 88
«Հայաստանում վերջին երկու տասնամյակում անցկացված ընտրությունները եղել են մի պրոցեդուրա, որը ոչ մի կապ չունի ընտրության կամ ժողովրդի հետ»,-կարծում է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա գնահատմամբ` հայ հասարակությունն իրականում ընտրություն կատարել է միայն 1988-ին: Մանուչարյանը ողջունել է երիտասարդ բնապահպաններին` նշելով. «Երիտասարդները պայքարում են ընդդեմ կյանքն առեւտրի վերածելու: Եթե մենք օգնենք նրանց, երիտասարդները կարող են մոբիլիզացնել հասարակությանը, ինչի արդյունքում շարժումը կվերածվի նոր 1988-ի»:
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵԿԱՆ
«Արմավիա»-«Զվարթնոց» բանակցությունները հանգուցալուծվել են համաձայնագրի ստորագրմամբ, ըստ որի` «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, ընդառաջ գնալով «Արմավիա»-ի պահանջին, այնպիսի սակագներ է կիրառելու, որոնք գրեթե չեն տարբերվելու «Արմավիա»-ի առաջարկած սակագներից: Սակայն ԱՄՕ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն զգուշացրել է, որ եթե «Արմավիա»-ն չկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, մասնավորապես` օդանավակայանին ունեցած 6 ամսվա պարտքի մարումը, ապա ԱՄՕ-ն համաձայնագիրը կխզի: Նշենք, որ այս պահին «Արմավիա»-ի պարտքը կազմում է 5 միլիոն 300 հազար դոլար: