1996թ.-ից ՀՀ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում լուրջ ունեցվածք է կուտակել: Միայն թե նա 2012-ի իր հայտարարագրում նշել է ընդամենը այն, որ բանկային հաշվին ունի 3.8 մլն դրամ, 2.2 հազար դոլար, 1.7 հազար եվրո եւ ոչ մի անշարժ ու շարժական գույք: Անգամ փաստաթղթերով տուն չունի: Հիշեցնենք, որ Հարությունյանն այն պաշտոնյան է, ում «թեթեւ ձեռքով» օրինականացվել են ՀՀ բոլոր կեղծված ընտրությունները: Նրա համար մշտապես առաջնային է եղել երկրի ղեկավարի հետ լավ հարաբերությունների պահպանումը: Ու պատահական չէ, որ երեկ ՍԴ-ում հապշտապ քննվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սերժ Սարգսյանի ստորագրած գազային համաձայնագրերի սահմանադրականության հարցը, որոնցում մի շարք մտահոգիչ դրույթներ կան, սակայն ՍԴ նախագահը բացակայում էր: Նա Ղարաբաղում մասնակցում էր Ս. Սարգսյանի հոր հուղարկավորության արարողությանը, ինչի պատճառով ՍԴ որոշումը ստորագրել է նրա տեղակալ Վոլոդյա Հովհաննիսյանը:
Իշխող կոճակային մեծամասնությունն այսօր «բերման կենթարկվի» ԱԺ դահլիճ` արտահերթ նիստին քվորում ապահովելու համար: Ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀԿ-ական իր աղբյուրներից, ՀՀԿ-ականներին ԱԺ են հրավիրել անգամ արտերկրից, ուր նրանք մեկնել են գործուղումների: Խիստ հրահանգ է իջեցվել՝ թողնել գործուղումն ու վերադառնալ Երեւան: Իշխանությունների այս շահագրգռվածության պատճառն այն է, որ կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստում պետք է քննարկվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցի ժամանակ ստորագրված գազային համաձայնագրերը, որոնք, ի դեպ, վիճահարույց դրույթներ են պարունակում` կապված ՀՀ ինքնիշխանության սահմանափակումների հետ: Սակայն այսօրվա նիստն իշխանությունների համար տհաճ անակնկալներով լի կլինի, քանի որ ընձեռվել է հերթական առիթը` նրանց հասցեին անխնա քննադատություններ հնչեցնելու համար:
Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ Հայաստանում ամեն տասներորդ ընտանիք սոված է պառկում քնելու: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից պարզել՝ արդյոք ինքն իր մեղքի բաժինը չի տեսնում Հայաստանում առկա այդ իրավիճակի մեջ: «Ես գտնում եմ, որ ես իմ ոլորտում արել եմ մաքսիմումը, որպեսզի ոչ ոք սոված չքնի»,-հայտարարեց նախարարը: Փաստորեն, ՀՀ-ում էներգետիկ անվտանգության ծանրագույն խնդիրների առկայությունը, գազային սկանդալը, բնապահպանական աղետների բերող վայրի հանքարդյունաբերությունը նախարարը համարում է «մաքսիմում արված քայլ»` ընդդեմ սովածության: Դե իհարկե, նա «մաքսիմում» արագությամբ էլ ոչ վաղ անցյալում ԱԺ-ում շարիկ էր գլորում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությունը շարունակում է իր ստուգումները «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում՝ «բաղնիքի ոսկու շուկայում»: «Եթե ոսկին ազնիվ մետաղ է, չի նշանակում, որ այդ բիզնեսով զբաղվողներն էլ են ազնիվ»,-ընկերությունում կատարված ստուգումների արդյունքներից հետո «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց նշված տեսչության պետ Լեւոն Խալիկյանը: Անդրադառնալով հայտնաբերված խախտումներին` նա նշեց. «Չասեմ, թե ինչ, բայց հայտնաբերել ենք բազմաթիվ եւ բավականին լուրջ խախտումներ: Մեզ համար պարզ դարձավ, որ այս մարդիկ ոչ պատշաճ ու ոչ ազնիվ ձեւով են աշխատում»: «Ժողովուրդ»-ը Խալիկյանից տեղեկացավ նաեւ, որ «Վաղարշ եւ որդիներ» ընկերությունն ունի լիցենզիա եւ զբաղվում է հարգորոշմամբ եւ հարգադրոշմմամբ: Այստեղ նույնպես ստուգումներ են իրականացվում: Թերեւս սպասվում են ամանորյա «խոշոր տուգանքներ»: