ՊՈՒՏԻՆԻ ՇՆՈՐՀԻՎ
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները դեռ շարունակում են պահանջել իրենց 16 ամսվա չստացած աշխատավարձերը: Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ «Նաիրիտ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերը, իսկ գործարանը չի աշխատում, ինչի համար էլ ավելի քան 2000 աշխատակիցներ 2/3-ով հարկադիր պարապուրդի մեջ են: «Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը խոստացել էր աշխատավարձերը դեռ նոյեմբերի 15-ին տալ, 15-ը դարձավ 20-ը, հետո՝ 28-ը: Ի վերջո, դեկտեմբերի 3-ին տվեցին, այն էլ Պուտինի գալու շնորհիվ, թե չէ սեպտեմբերից աշխատավարձ չէինք ստացել: Հավանաբար վախեցել էին Պուտինից»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց աշխատակիցներից Գագիկը:
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
Երեկ ՀՀ կառավարությունը Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ որոշել է միջոցներ տրամադրել Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի եւ գրող Լեւոն Խեչոյանի բուժումը արտերկրում կազմակերպելու համար: Այդ նպատակով պետբյուջեից կհատկացվի` Մազմանյանի համար 10 հազար, իսկ Խեչոյանի համար` 20 հազար եվրոյին համարժեք դրամ: Ուշագրավ է, որ պետբյուջեից միջոցներ են հատկացվում բիզնեսմեն Մազմանյանի բուժման համար, մի մարդու, որը երթեւեկում էր հարյուր հազար դոլար արժողությամբ մեքենայով եւ ունի սեփական տուրիստական գործակալություն: Մինչդեռ օրհասական վիճակում գտնվող Խեչոյանին կառավարությունն անդրադարձավ այն բանից հետո, երբ վերջինիս գրող ընկերներն ու ընթերցողներն աղմուկ բարձրացրին:
ԸՆԴԱՄԵՆԸ 10 ՏՈԿՈՍՈՎ
ՀՀ կառավարության երեկվա որոշմամբ` 2014թ. հունվարի 1-ից ՊՆ համակարգի զինծառայողների (բացառությամբ պարտադիր ծառայության շարքային կազմի) եւ զինվորական կոչում չունեցողների աշխատավարձն ավելանալու է 10 տոկոսով:
ՈՉ ԼԱՎ ԿՅԱՆՔԻՑ
«Վերջին տարիներին հասարակության ուշադրությունը ՄԻԵԴ-ի հանդեպ զգալիորեն աճել է: Նույնիսկ կենսաթոշակային տարիքի քաղաքացիներն իրենց կենցաղային վեճերը սպառնում են լուծել Եվրոպական դատարանով»,-երեկ հայտարարել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նկատենք, որ ՄԻԵԴ-ի նկատմամբ ուշադրության աճն ուղիղ համեմատական է ՀՀ դատական համակարգի նկատմամբ վստահության անկմանը:
ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՓՈԽՎԵԼ Է
«Իմ անձնական վերաբերմունքը փոխվել է Վրաստանի գործող ղեկավարության նկատմամբ, իսկ վրաց ժողովրդի նկատմամբ միշտ էլ բարի վերաբերմունք եմ ունեցել»,-երեկ իր չորսժամանոց ամենամյա մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նաեւ հիշեցրել է. «Մենք չենք սկսել ռազմական գործողությունները (2008-ին): Մենք ասել ենք, որ չի կարելի արյունահեղություն թույլ տալ: Բայց մենք տեսնում ենք ազդակներ, որոնք գալիս են Վրաստանի ղեկավարությունից»: Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի: