ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՈՆԵ ԱՅՍ ԱՆԳԱՄ 

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հրապարակել է Ֆրանսիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական եւ եզրափակիչ մրցաշարերի կանոնակարգն ու խաղերի օրացույցը: Առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին կմասնակցեն 24 թիմեր, որոնց թվում կլինի նաեւ կազմակերպիչ երկրի՝ Ֆրանսիայի հավաքականը:
53 հավաքականները կբաժանվեն խմբերի, որոնցում կլինեն 5-6 թիմեր: Ընտրական փուլի վիճակահանությունը կկայանա 2014-ի փետրվարի 23-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում: Թիմերը զամբյուղների կբաժանվեն ըստ ՖԻՖԱ-ի վարկանիշների: 9 խմբերում առաջին եւ երկրորդ տեղեր գրաված թիմերն ու լավագույն արդյունքով երրորդ տեղը զբաղեցրած հավաքականը կնվաճեն եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Երրորդ տեղերում հայտնված մյուս 8 թիմերը վերջին 4 ուղեգրերը կվիճարկեն անցումային խաղերով: Փաստորեն, 53 երկրների հավաքականների գրեթե կեսը՝ 24-ը, հայտնվելու են եզրափակիչ փուլում, ինչն առաջին անգամ նախնական արգելքը հաղթահարելու լավ հնարավորություն է մեր երկրի հավաքականի համար։

 

 

ՄԵԿ ԱՅԼ ՈՒՐՈՒԳՎԱՅՑԻ

Ուրուգվայցի 65-ամյա մարզիչ Գրեգորիո Պերեսը համաձայնել է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Գ. Պերեսն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները բանակցել են Բուենոս Այրեսում եւ եկել փոխհամաձայնության: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցին ասել է Արգենտինայի «Դեպորտիվո Արմենիո» ակումբի սեփականատեր Նորայ Նակիսը:
Մարզչին ասել են, որ պետք է աշխատի նաեւ երիտասարդական հավաքականների հետ, որոշ պայմաններ դեռեւս քննարկվում են։ Գործարքը կայանալու դեպքում Պերեսի օգնականները կլինեն Խոսե Էնրիկե դե լոս Սանտոսը եւ Դանիել Կուրբելյոն: Գ. Պերեսը մարզչական աշխատանքը սկսել է 1984 թվականից: 1993-1997թթ. նրա գլխավորությամբ «Պենյարոլ»-ը 4 անգամ նվաճել է Ուրուգվայի չեմպիոնի տիտղոսը, 2010-ին «Լիբերտադ»-ը դարձել է Պարագվայի չեմպիոն: Նա աշխատել է նաեւ իտալական «Կալյարի»-ում, արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա»-ում, «Ինդեպենդիենտե»-ում, «Օլիմպո»-ում, «Արխենտինոս Ժունիորս»-ում, Պարագվայի «Օլիմպիա»-ում:

 

 

ՕԲԱՄԱՆ ԷԼ ՀՐԱԺԱՐՎԵՑ

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկա չի լինելու Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորելու է Ազգային անվտանգության նախկին նախարար Ջանեթ Նապոլիտանոն, բացի այդ՝ պատվիրակությունում ընդգրկված են միասեռական մարզիկներ:
Ինչպես նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը, ԱՄՆ-ը հույս ունի, որ Սոչիում պաշտպանվելու են բոլոր մասնակիցների, այդ թվում՝ սեռական փոքրամասնությունների իրավունքները:
Հիշեցնենք, որ մինչ այդ Սոչի մեկնելուց հրաժարվել են նաեւ Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարները:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

 

25.000 ԴՐԱՄԱՆՈՑ ԱՆՁՆԱԳՐԵՐ

2014թ. հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները չեն կարողանա ձեռք բերել հին նմուշի անձնագրեր: Պատճառն ուժի մեջ մտնող կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերն են: Այս մասին տեղեկացրել է ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը: Ըստ նրա՝ ՀՀ-ում 91.000 քաղաքացիներ արդեն նույնականացման քարտեր են ստացել, իսկ 4500-ը՝ կենսաչափական անձնագրեր: Նույնականացման քարտի պետտուրքը 3000 դրամ է, իսկ կենսաչափական տվյալներով անձնագրերի պետտուրքը՝ 25.000 դրամ: Կենսաչափական անձնագիրը բաղկացած կլինի 40 էջից, մինչդեռ հին նմուշի անձնագիրը բաղկացած է 32 էջից, ինչով եւ բացատրվում է առաջինի արժեքը: Ն. Մուրադխանյանը նշում է, որ նույնականացման քարտը նախատեսված է ներքին կիրառման, իսկ անձնագիրը՝ պետության սահմաններից դուրս գալու համար: Նույնականացման քարտը սովորական պլաստիկ քարտի տեսք ունի, իսկ անձնագիրը՝ ՀՀ քաղաքացու ներկայիս անձնագրի: Անկետային տվյալներից, թվային լուսանկարից եւ էլեկտրոնային ստորագրությունից զատ` նոր անձնագիրը կպարունակի նաեւ տիրոջ երկու ցուցամատերի հետքերը:

Ն. ՊՈՂՈՍՅԱՆ




Լրահոս