Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում զարմացրեց դատավարության մասնակիցներին եւ իր հարազատներին:
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, կեղծիքի ու պաշտոնական անփութության մեջ: Նրա հետ մեղադրանք է առաջադրվել նաեւ Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ Արմեն Պողոսյանին ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ նախկին ավագ քննիչ Վահագն Խանզադյանին: Վերջիններս երեկ դիմեցին դատարանին, որպեսզի արագացված դատաքննություն իրականացվի:
Բնականաբար, դատավոր Արշակ Վարդանյանը հարցրեց մյուս ամբաստանյալի` Հովհաննես Թամամյանի համաձայնությունն արագացված դատաքննության կիրառման հարցում: Նրա փաստաբան Վաղինակ Գրիգորյանը 10 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի խորհրդակցի պաշտպանյալի հետ: «Ես խնդրեցի ընդմիջում, որպեսզի հասկանամ իրավիճակը: Թամամյանը ինձ հարցրեց, թե ինչ կարծիք ունեմ, ես ասացի, որ միայն իր կարծիքից հետո կխոսեմ, եւ ի վերջո, ինքն է դատապարտվելու, նրա որոշելիքն է: Երկար մտածեց, ու մտանք դատարանի դահլիճ: Մնացածն ինքներդ տեսաք»,-դատական նիստից հետո լրագրողներին ասաց փաստաբանը: Իսկ Թամամը, որ մինչեւ օրս չէր ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հատկանիշներով մեղադրանքը, դատարանում հայտարարեց, որ իր նախկին գործընկերների հետ համաձայն է: «Ես նախաքննության ամբողջ ընթացքում չեմ խոչընդոտել, եւ քանի որ իմ նախկին գործընկերները նման միջնորդություն են ներկայացրել, ես էլ եմ միանում, համաձայն եմ արագացված դատաքննության կարգ կիրառելուն: Մեղադրանքի հետ համաձայն եմ»,-բառացի հայտարարեց Թամամյանը:
Այս հայտարարությունը զարմացրեց դահլիճում գտնվողներին: «Չեմ կարծում, որ իրա վրա կարար ճնշում լիներ, եթե նման բան տեղի ունենար, ապա ես կիմանայի, կպատմեր ինձ»,-ասաց Վաղինակ Գրիգորյանը: Փաստաբանը նշեց, որ չի կարող ասել, թե ինչ մտածեց Թամամյանը նման որոշում կայացնելիս: Լրագրողների դիտարկմանը, թե եթե փաստաբանը, այնուամենայնիվ, ասեր իր տեսակետը, հնարավոր է` Թամամյանն այլ որոշում կայացներ, Գրիգորյանը չհամաձայնեց: «Էլի եմ ասում, մարդն է իր ճակատագրի տերը, ինքն է որոշում, եւ ես երբեք իմ պաշտպանյալներին իմ դիրքորոշումը չեմ թելադրում»,-եզրափակեց փաստաբանը:
Չնայած մեղադրանքի ընդունումը դիտվում է մեղմացուցիչ հանգամանք, այնուհանդերձ, հատկապես Թամամյանի հարազատները կարծում էին, որ նա չպետք է գնար այդ քայլին: «Թամամյանը շատ ուժեղ մարդ է, կամք ունի եւ շատ բաների է դիմացել: Փաստորեն ստացվեց, որ իշխանությունն ինչ ուզեց, արեց հետը, ընտանիքը քայքայեց, պաշտոնազուրկ արեց, հիմա էլ որ ինքը պիտի պաշտպաներ իրեն, ասաց` լավ եք արել, շարունակե՛ք հերս անիծել»,-ապշած ասում էին նրա հարազատները:
Նշենք, որ արագացված դատաքննության արդյունքում կայացված դատական ակտը չի կարող բողոքարկվել ամբաստանյալների կողմից: Այն բողոքարկել կարող է միայն պետական մեղադրողը, եթե համաձայն չլինի դատարանի վճռի հետ: Տվյալ հոդվածով, ըստ փաստաբանի, նախատեսված է 2-ից 6 տարվա ազատազրկում: Իսկ դատական նիստը կշարունակվի մարտի 20-ին: Դատարանն անցել է վիճաբանությունների փուլ, եւ այդ օրը կներկայացվի մեղադրական ճառը:
լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ