«Եթե ոսկին ազնիվ մետաղ է, չի նշանակում, որ այդ բիզնեսով զբաղվողներն էլ են ազնիվ»,-օրեր շարունակ ոսկու վաճառքով զբաղվող «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում կատարած ստուգումների արդյունքներից ելնելով` կարծում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով հայտնաբերված խախտումներին, պարոն Խալիկյանը նշեց. «Չասեմ, թե ինչ, բայց հայտնաբերել ենք բազմաթիվ եւ բավականին լուրջ խախտումներ: Մեզ համար պարզ դարձավ, որ այս մարդիկ ոչ պատշաճ ու ոչ ազնիվ ձեւով են աշխատում»:
-Պարո՛ն Խալիկյան, վերջերս ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա անցկացրին ՀՀ կառավարության շենքի առջեւ: Նրանք հայտարարեցին, որ Ձեր ղեկավարած տեսչությունը ստուգումներ է անցկացրել շուկայում եւ մեծ տուգանքներ նշանակել:
-Հայտարարեցին, թե մեկ ամսվա մեջ առնվազն տասը հոգի շուրջ 3 մլն դրամի չափով տուգանվել է: Ու նաեւ ինչ-որ թուղթ էին ցույց տալիս, որի վրա անգամ թիվ էլ չկար նշված: Այդ հայտարարություն անողների հետ հանդիպեցինք եւ պահանջեցինք ցույց տալ տուգանքի ակտը: Այն, ինչ կառավարության մոտ շուկայի աշխատակիցները հայտարարեցին, թե իրենք միլիոնների չափով են տուգանվել, սա ես պաշտոնապես եմ հայտարարում՝ չկա նման բան, աշխատակիցները չեն տուգանվել: Այդ ակցիայի մասնակիցների ձեռքին միանման թուղթ է եղել, որը հասարակ տեղեկանք էր, եւ վրան նշված չկար տուգանքի չափ: Ու այսպես ցույց տվեցին, որ ազնիվ մետաղով աշխատող «ազնիվ» մարդիկ տառապում են, իսկ մենք ժողովրդի շահերը բացարձակ չենք պաշտպանում, ավելին՝ մի հատ էլ տուգանում ենք: Ինչո՞ւ: Գերշահույթ ստանալու կեղտոտ ճանապարհ է: Այսինքն՝ այս ամենն ինչ-որ մեկի կողմից շատ ճիշտ կազմակերպվել է: Դեզինֆորմացիայի հոսք է եղել: Դժգոհող աշխատակիցներից հետաքրքրվում եմ, թե ինչպես է եղել, ասում են՝ 200 օրինակ բազմացրել են այդ տեղեկանքը ու բաժանել աշխատակիցներին:
-Կմանրամասնե՞ք, թե ով է այդ ինչ-որ մեկը:
-Ես չեմ ուզում ինչ-որ մեկին մեղադրել: Անցյալ տարվա մեր ստուգման արդյունքում շուրջ մեկ տասնյակ մլն դրամի չափով տուգանք է նշանակվել «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն»-ին: Նա իրավաբանների բանակ ունի, եթե ինչ-որ մի կետի հետ համաձայն չլինեին, ապա կվիճարկեին տուգանքը: Հաստատ 5 մլն դրամի չափով չէր այն: Տեսչությունն այսօր էլ է ստուգումներ իրականացնում նշված ընկերությունում, եւ հայտնաբերվել են բավականին շատ խախտումներ: Առաջիկայում կհրապարակենք արդյունքները: Անպայման ակտն էլ կհրապարակենք:
-Կբացատրե՞ք, թե իրականում ինչ խնդիր է եղել՝ կապված հարգադրոշմման հետ: Շուկայի աշխատակիցները պնդում էին, որ տեսչությունը խոշոր չափերի տուգանքներ է նշանակել՝ ոսկու «Սասունցի Դավիթ» հարգի սխալ դրոշմի համար:
-«Վաղարշ եւ որդիներ» ընկերությունն ունի նաեւ լիցենզիա եւ զբաղվում է հարգորոշմամբ եւ հարգադրոշմմամբ: Մենք արդեն մեկ շաբաթ է, ինչ այստեղ էլ ենք ստուգումներ իրականացնում: Չասեմ, թե ինչ, բայց հայտնաբերել ենք բազմաթիվ եւ բավականին լուրջ խախտումներ: Մեզ համար պարզ դարձավ, որ այս մարդիկ ոչ պատշաճ ու ոչ ազնիվ ձեւով են աշխատում: Եթե ոսկին ազնիվ մետաղ է, չի նշանակում, որ այդ բիզնեսով զբաղվողներն էլ են ազնիվ:
-Կարելի՞ է ենթադրել, որ այս ամենը շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի ձեռքի գործն է:
-Կարելի է ենթադրել:
-Ինչո՞ւ:
-Ո՞ւմ է ձեռք տալիս, ո՞վ է հարգադրոշմողը: Հարգադրոշմելն արժե 100-300 դրամ: Շուրջ 16 հարգադրոշմող կազմակերպություն կա: Ուղղակի այս մարդիկ այստեղ են աշխատում, դրա համար էլ այնտեղ են հարգադրոշմում: Այսինքն՝ 100 դրամ ծախսես, 50 հազար դրամ չտուգանվես, այս տրամաբանությամբ մարդկանց ձեռնտու է չանել:
-Պարո՛ն Խալիկյան, նաեւ համառ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ այս ամենն արվում է «Երեւան մոլ»-ում ոսկու վաճառքի համար նախատեսված կենտրոնի բացման պատճառով: Այսինքն` նման ձեւով այս շուկայի աշխատակիցներին փորձ է արվում տեղափոխել «Երեւան մոլ», որն էլ, ըստ շրջանառվող լուրերի, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին է պատկանում:
-Շատ անլուրջ է, որովհետեւ այն մեկը տարածքով շատ ավելի փոքր է լինելու: Այդ խոսակցություններն էլ պարզ է, թե ով է տարածում եւ ինչու:
-Նշվեց, որ բողոքների մի ամբողջ թղթապանակ կա տեսչությունում, որը հավաքվել է երեք ամիսների ընթացքում: Քաղաքացիներն ինչի՞ց են հիմնականում բողոքում:
-Բողոքների գերակշիռ մասը վերաբերում է «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն»-ին: Դուք հիմա, որ գնում եք ոսկու շուկա ոսկի գնելու, անպայման ծանոթ եք, չէ՞, փնտրում: Պետք է գա, չէ՞, այն օրը, որ մենք վստահ մտնենք ոսկու շուկա, ոսկին գնենք ու համոզված լինենք, որ մեզ չեն խաբի: Այս ազգը ոսկին գնում է նաեւ որպես կապիտալ: Բայց մարդը, որ գալիս է շուկա ոսկի գնելու, ինչո՞ւ պետք է 99 տոկոս վստահ լինի, որ խաբվելու է: Եթե քաղաքացիների բողոքները կարդաք, ապա ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի: Օրինակ՝ 7 հազար մարդ աշխատում է մի շուկայում, որտեղ գործում է մեկ զուգարան: Բացի այս՝ կա նաեւ մեքենաները կայանելու խնդիր: Կարճ ասած՝ պայմաններն անմարդկային են:
Հ.Գ. Զրույցի ընթացքում հետաքրքրվեցինք, թե ինչ վիճակում են գտնվում Հայաստանի ոսկու մյուս շուկաները: Պարզվեց, որ ստուգումների արդյունքում ոսկու վաճառքով զբաղվող մնացած շուկաներում էլ են խախտումներ հայտնաբերվել, սակայն, համեմատած «Վաղարշ եւ որդիներ»-ի, դրանք զգալիորեն ավելի քիչ են:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ