ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի` մարտի 13-ին տպագրված «Հանցագործությունները չեն բացահայտվում» հոդվածը գրանցվել է ոստիկանության Վարդենիսի թիվ 2 մատյանում, որի հիման վրա կատարվել են համապատասխան ստուգումներ, բացատրություններ են վերցրել Գարիկ Սարգսյանից, նրա տիկին Լիլիթ Հակոբյանից, մորից` Լիդա Սարգսյանից (Սիմոնյան), Կամո Նունեյանից եւ Գրետա Նունեյանից:
Հիշեցնենք, որ այս քաղաքացիները պատմել էին, որ իրենցից գողություն է կատարվել, սակայն ոստիկանները չեն գրանցել ու չեն զբաղվում դրանցով: Եւ ահա նույն մարդիկ մեր հրապարակումից հետո կանչվել են ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին ու տրամագծորեն հակառակ բացատրություն տվել:
Գարիկ Սարգսյանը գրել է, որ 2011թ. դեկտեմբեր ամսվա սկզբներին տանից գումար էր վերցրել իր նորակառույց տան ներսի դռները գնելու համար, սակայն դռներ չի գնել ու գումարը ծախսել է իր անձնական կարիքների համար, որի մասին իր կնոջն ու մորը չի հայտնել: Ասել է, թե  իբր գնել է դռները: 2011թ. դեկտեմբերի 26-27-ին Գարիկ Սարգսյանը մեկնել է Վրաստանի Հանրապետություն` ամանորյա գնումներ կատարելու համար եւ վերադարձել դեկտեմբերի 29-ին: Իսկ մինչ այդ, ինչպես նշել են Լիլիթ Հակոբյանն ու Լիդա Սարգսյանը իրենց բացատրություններում, դեկտեմբերի 28-ի երկուսով գնացել են իրենց նորակառույց տունը տեսնելու, քանի որ այնտեղ ոչ ոք չի բնակվում, եւ ներս մտնելով` տեսել են, որ դռները, որոնք պետք է դրված լինեին, չկան, իսկ 2-րդ հարկի պատուհանն էլ բաց է. մտածել են, որ պատուհանից ներս են մտել ու գողացել դռները: Սակայն այս մասին անմիջապես չեն հայտնել ոստիկանություն, որոշել են սպասել Գարիկ Սարգսյանի վերադարձին: Վերջինս վերադարձել է դեկտեմբերի 29-ին. կինն ու մայրը պատմել են կատարվածի մասին: Սարգսյանն էլ նրանց ասել է, որ կդիմի ոստիկանության Վարդենիսի բաժին, որպեսզի գտնեն դռները, սակայն չի դիմել ու ընտանիքի անդամներին էլ չի ասել իրականությունը:
Լիդա Սարգսյանը եւ Լիլիթ Հակոբյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, չիմանալով ճշմարտությունը, պատմել էին, որ իրենց նորակառույց տանից գողացել են թվով 4 «եվրոդռներ», որի մասին իրենք հայտնել են ոստիկանությանը, սակայն գործին ոչ մի ընթացք չի տրվել: Իսկ ոստիկանությունում այլ բան են գրել, թե դռները չեն գնվել, ուստի չէին էլ կարող գողանալ:
Լիդա Սարգսյանն ասել էր նաեւ, որ իրենց բարեկամ Կամո Նունեյանի ավտոմեքենայի գազի «բալոններն» են գողացել, որին եւս ոստիկաններն ընթացք չեն տվել: Կամո Նունեյանն էլ իր հերթին է ոստիկանությունում բացատրություն տվել, որ իր ավտոմեքենայից «բալոններ» եւ ուրիշ այլ իրեր երբեւիցե չեն գողացել:
Մի խոսքով, քաղաքացիները գրել են, որ երբեւէ ոստիկանություն չեն դիմել, իսկ «լրագրողի հետ տեղի ունեցած զրույցն ընդամենը թյուրիմացություն է»:
Հ.Գ. Իհարկե, «Ժողովուրդ»-ը չի հավատում քաղաքացիների` ոստիկանությունում տված գրավոր բացատրություններին, քանի որ նրանք մեկ օր առաջ այլ բան էին պնդում իրենց տանից. ձայնագրությունն էլ առկա է խմբագրությունում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս