Հանրապետական կուսակցությունում շարունակվում են բուռն քննարկումները համամասնական ցուցակի շուրջ, կուլիսային խոսակցությունների առանցքում ցուցակն է, այն պատգամավորները, որոնք կարող են դուրս մնալ ցուցակից` առմիշտ խզելով իրենց կապերը խորհրդարանի հետ: Այս քննարկումների ընթացքում չի խոսվում Միշա Ստեփանյանի մասին, մի մարդու, ով կարող է Հանրապետականի ավագներից համարվել, ով, սակայն, իր գործունեության ընթացքում ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանի հետ օրենքի մի նախագիծ է մշակել, որի արդյունավետության մասին խոսելն ավելորդ է:
Մ. Ստեփանյանը մարտունեցի է, ծնվել է այս քաղաքում, ծառայել խորհրդային բանակում, ապա ավարտել Հայկական անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, հետո էլ պաշտպանել է ատենախոսություն եւ դարձել գյուղատնտեսական գիտությունների թեկնածու: Սակայն երբեք գիտությամբ չի զբաղվել: 1976-ին աշխատել է Երքաղսովետի անասնապահական տնտեսությունում որպես զոոտեխնիկ-սելեկցիոներ, 1 տարի անց էլ տեղափոխվել բրդի հանրապետական լաբորատորիա որպես գլխավոր զոոտեխնիկ: Այստեղ աշխատել է տասներկու տարի, իսկ 1989-ից նշանակվել Արարատի բրդի նախնական վերամշակման ֆաբրիկայի տնօրեն, ուր պաշտոնավարել է մինչեւ 1997թ.:
Իհարկե, 1993-ից սկսած` այս ֆաբրիկան կորցրել է իր նշանակությունը, ըստ էության` բրդի նախնական վերամշակում չի իրականացվել, բայց դե մարդը համարվել է տնօրեն: 1997թ. անասնաբույծ-զոոտեխնիկը նշանակվել է «Հայգորգ» միավորման գլխավոր տնօրեն: Այս տարիներին այդ միավորումը գրեթե գոյություն չուներ, չէին գործում Իջեւանի, Գյումրու եւ Վանաձորի ձեռնարկությունները, երեւի ուրիշ տեղերում էլ արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններ չկային: Սա այն ժամանակաշրջանն էր, երբ աստիճանաբար փոշիանում էր երբեմնի միավորումը, որի համբավը հայտնի էր ողջ Խորհրդային Միությունում: Կարճ ասած, Միշա Ստեփանյանը միավորման տնօրեն նշանակվեց թալանի ժամանակաշրջանում եւ, հավանաբար, շատ բանով նպաստեց ձեռնարկության ավերմանը, որովհետեւ 2001թ. սկսեց գործել «Արմեն-Կարպետ» բաց բաժնետիրական ընկերությունը, որի գլխավոր տնօրենը դարձյալ Միշա Ստեփանյանն էր:
Ահռելի տարածքում գործում էր ընդամենը մեկ արտադրամաս, որն էլ միայն Միշա Ստեփանյանի եկամուտներն էր ապահովում: Երեւի եկամուտների պակասն էր պատճառը, որ գլխավոր տնօրենը նաեւ զբաղվեց «Գործազուրկների եւ հաշմանդամների մասնագիտական ուսուցման ծառայությունների» ծրագրով: Այս ծրագիրը Հայաստանում համարվում էր եկամտաբերներից մեկը, որովհետեւ ոչ ոք չգիտեր, թե մասնագիտական ուսուցման համար նախատեսված գումարներն ինչպես են ծախսվում:
2007թ. Մ. Ստեփանյանը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ դարձավ: Նաեւ` ՀՀԿ խորհրդի անդամ: Այս ամենից զատ` նա նաեւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կողմից ճանաչվեց ակտիվ պատգամավորական գործունեություն ծավալող: Մոտ մեկ ամիս առաջ` պատգամավորի ծննդյան օրը, Նիկոյանը նրան հանձնեց պատվոգիր` «Ակտիվ պատգամավորական գործունեության եւ ծննդյան օրվա կապակցությամբ»: Սա երեւի հայկական պառլամենտարիզմի պատմության մեջ ամենազվարճալի դեպքերից մեկն էր, քանի որ ակնհայտ հեգնանք էր իր մեջ պարունակում: Թե Միշա Ստեփանյանն ինչպես ընդունեց այս պատվոգիրը, չգիտենք, բայց երեւի մի օր ցույց կտա թոռներին ու կասի, որ եղել է ակտիվ պատգամավոր: Իհարկե, ակտիվ հատկապես այն ժամանակ, երբ անհրաժեշտ էր լինում քվեարկել մի շարք օրինագծերի օգտին, որոնք վնասում են մեր ազգային ինքնությունն ու պետականությունը:
Այսպես, Մ. Ստեփանյանն ակտիվորեն քվեարկել է օտարալեզու դպրոցներ բացելու օգտին: Դե, նրա ինչի՞ն են պետք ազգային դպրոցները կամ պետական լեզուն, որին այնքան էլ լավ չի տիրապետում: Ստեփանյանի պատգամավորական ակտիվության դրսեւորումներից մեկի մասին էլ ժամանակին գրեց մամուլը. «Մի խումբ պատգամավորներ` Խաչիկ Հարությունյան (ՕԵԿ), Միշա Ստեփանյան (ՀՀԿ), Հեղինե Բիշարյան (ՕԵԿ), Վահագն Մախսուդյան (ԲՀԿ) եւ Իշխան Խաչատրյան (ՕԵԿ), օրենսդրական նախաձեռնության կարգով առաջարկում են արգելել գյուղատնտեսական ու ոչ գյուղատնտեսական հողերում խոզանների, բուսական մնացորդների ու չորացած բուսականության այրումը: Պատգամավորներն իրենց առաջարկը հիմնավորել են նրանով, որ այրման հետեւանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ ջերմոցային եւ վնասակար նյութեր, խախտվում է հողածածկույթի կառուցվածքը, մեծ վնաս է հասցվում էկոհամակարգին: Պատգամավորներն առաջարկում են տուգանք նշանակել նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով նման գործողությունները կատարողների նկատմամբ: Հատկանշական է, որ հաշվի չի առնվել գյուղատնտեսության նախարարի առարկությունը, որտեղ նշված է, որ գյուղատնտեսական տարածքներում կույտավորված բուսական մնացորդների եւ չորացած բուսականության այրումը նպաստում է վնասատուների, դրանց ձվերի ու թրթուրների ոչնչացմանը եւ գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոց է: Ուստի դրա արգելքը գյուղատնտեսական տարածքներում նպատակահարմար չէ»: Այս փաստն արդեն խոսում է այն մասին, որ մարտունեցի պատգամավորը պատկերացում չունի գյուղի ու գյուղատնտեսության, հողի առանձնահատկությունների մասին:
Լինելով գործարար-պատգամավոր եւ ունենալով ահռելի ֆինանսական միջոցներ` Միշա Ստեփանյանը կողմ է, որպեսզի գործարարները մուտք գործեն խորհրդարան: Ինքը մուտք է գործել եւ այնքան տարվել սեփական բիզնեսի համար «տանիք» որոնելով, որ երբեմն խառնվում է իրար, չի կարողանում կողմնորոշվել, թե որ կոճակը պիտի սեղմի, հաճախ էլ սեղմում է ուրիշների փոխարեն: Հիշենք, թե ինչպես ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը «շշպռեց» նրան` ասելով. «Ձեր մուննաթը Ձե՛զ պահեք, պարո՛ն Ստեփանյան»:
լուսանկարը՝ Գ. ՇԱՄՇՅԱՆԻ