
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր սովորույթ է ձեռք բերել՝ գրեթե ամեն օր աշխատանքն ավարտելուց հետո, ժամը 22.00-ի սահմաններում, Կառավարության շենքից` միայնակ քայլելով գնում է Հյուսիսային պողոտա, ծանոթանում կատարվող աշխատանքներին, ապա քայլում դեպի Ազատության հրապարակ, այնտեղից էլ արդեն մեքենայով ուղեւորվում տուն:
Նախօրեին Հ. Աբրահամյանը կրկին Հյուսիսային պողոտայում է եղել՝ փորձելով հասկանալ, թե, ի վերջո, երբ են ավարտվելու շինարարական աշխատանքները: Ի դեպ նշենք, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե ինքն արձակուրդ չի գնալու ու ամբողջ ամառվա ընթացքում աշխատելու է, ու ստացվում է, որ ձեռքի հետ էլ հսկելու է պողոտայի շինաշխատանքները:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության «հնաբնակ» անդամները հերթով մեկնելու են արձակուրդ, իսկ նորանշանակներին հանձնարարվել է ակտիվ աշխատել:»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։