Հայաստանի իշխող կոալիցիայի կուսակցությունները մեծամասնական մի շարք ընտրատարածքներում իրար դեմ թեկնածուներ են առաջադրել: Ըստ news.am-ի` մարտի 15-ին մի շարք թեկնածուներ փաստաթղթեր են ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ: Մասնավորապես թիվ 9 ընտրատարածքում առաջադրվել են ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանն ու հանրապետական Ռուբեն Սադոյանը: Ազիզյանը նախկին պատգամավոր է, իսկ Սադոյանը` այս գումարման: Թիվ 14 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է «Տիգրան Մեծ» հրատարակչության հիմնադիր Վրեժ Մարկոսյանի թեկնածությունը: Թիվ 16 ընտրատարածքում իրար հետ մրցելու են հանրապետական Մուրադ Մուրադյանն ու ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը: Թեժ պայքար է սպասվում թիվ 36 ընտրատարածքում: Առայժմ առաջադրվել են երկու պատգամավորներ` ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանն ու հանրապետական Մխիթար Վարագյանը: Թիվ 23-ում իր փաստաթղթերն է ներկայացրել ԲՀԿ անդամ Էդուարդ Սահակյանը: Արմավիրի թիվ 20 ընտրատարածքում ՀՀԿ-ական Հրանտ Գրիգորյանի հետ մրցելու է անկուսակցական, մենատնտես Էդվարդ Անտոնյանը: Թիվ 19-ում առաջադրվել է Ճոյտ մականունով հայտնի Հակոբ Հակոբյանը, ում մրցակիցն է լինելու մեկ այլ հանրապետական` Սեդրակ Սարոյանը` գեներալ Սեյրանը: Հակոբյանը թեեւ հանրապետական է, բայց ինքնաառաջադրվել է: Գեղարքունիքի մարզի թիվ 24 ընտրատարածքում հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ մրցելու է անկուսակցական, նախկինում կոմունիստ Խորեն Թռչունի Սարգսյանը: Թիվ 26-ում առաջադրվել է ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանը, թիվ 27-ում` հանրապետական, ԵԿՄ վարչության աշխատակազմի ղեկավար Համլետ Հայրապետյանը, 29-ում` Արկադի Համբարձումյանը, 30-ում` Կարեն Սարիբեկյանը, երկուսն էլ ՀՀԿ-ի կողմից: Իսկ Շիրակի մարզի թիվ 34 ընտրատարածքում առաջադրվել է պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Թիվ 37 ընտրատարածքում հանրապետական Հայկ Գրիգորյանի մրցակիցն է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Սյունիքի մարզի մեկ այլ` թիվ 38 ընտրատարածքում առայժմ առաջադրվել է Վահե Հակոբյանը: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում առաջադրվել են հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանն ու մարքսիստ Դավիթ Հակոբյանը: