«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չի բացառվում, որ Հայրապետյանին ձերբակալելը կապված լինի վերջին տարիներին նրա աղմկալի քաղաքական հայտարարությունների հետ: «Ժողովուրդ»-ը դեռեւս 2013թ. սեպտեմբերի 10-ին գրել էր, որ «Եվրոպայի հայկական միությունների» ֆորումի ժամանակ, Սլովակիայում որոշվել է ստեղծել համահայկական ճակատ, որի նպատակն էր «նպաստել ՀՀ-ում արագ իշխանափոխությանը»: Եվրոպայում բնակվող հայերի մասնակցությամբ կայացած նիստին ներկա էր եղել նաեւ Լեւոն Հայրապետյանը, ով ֆորումի ժամանակ հայտարարել էր, որ իշխանափոխությունը Հայաստանում պետք է տեղի ունենա 20 րոպեում, որ չվերածվի հեղափոխության, ու «մեր թշնամիները չուրախանան»: Բացի դրանից՝ Հայրապետյանի ֆինանսավորմամբ պետք է ստեղծվեր «Հայ վետերանների, ռազմազորայինների համահայկական միություն», միջազգային համահայկական հ/կ, որից պետք է վախենային ավելի, քան հրթիռներից եւ հրետանուց:
Սակայն սա դեռ վերջը չէ գործարարի ներհայաստանյան թեմաներով հայտարարություններից: 2012թ. դեկտեմբերի 25-ին Լեւոն Հայրապետյանը «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հետ զրույցում հանդես էր եկել գործող իշխանություններին ուղղված խիստ քննադատությամբ: Նա մեղադրել էր իշխանությանը՝ տնտեսական եւ սոցիալական քաղաքականությունը ձախողելու մեջ: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին «զրո» էր անվանել՝ արտաքին քաղաքականության եւ ԼՂՀ հարցի հետ կապված: Հայրապետյանը խոսել էր Հայաստանում տիրող կոռուպցիայից, այնուհետեւ անցում կատարել օլիգարխներին։ «Ես առաջարկում եմ իրականացնել «Ցուցակ» օպերացիա: Այդ «Ցուցակ»-ը հայտնի է բոլորին: Հեռուստացույցով ցուցադրվող որոշ օլիգարխներ նվիրաբերում են ժողովրդին կոպեկներ այն ամենից, ինչ գողացել են ժողովրդից: Նրանք դրանով բարեգործի իմիջ են ստեղծում` այդ ֆունդամենտի վրա քաղաքական նպատակներ կառուցելով: Ցանկանում եմ ընդգծել. նրանք տալիս են կոպեկներ չմուծած հարկերից կամ ժողովրդից գողացած փողերից: Հայաստանում հարյուրից ավելի օլիգարխների գոյությունը չմուծված հարկերի արդյունք է, իսկ նրանց կողմից իրականացվող բարեգործությունն՝ ուղղակի ողորմություն: Հայաստանում ցինիզմն է ծաղկում», -ասել էր Լեւոն Հայրապետյանը: Ըստ էության, նա այն եզակի մեծահարուստն էր Ռուսաստանից, ով աչքի ընկավ Հայաստանի իրավիճակի մասին նման գնահատականներով: Ուստի չի բացառվում, որ գործարարի այս քննադատությունն էլ դարձավ նրան ձերբակալելու պատճառներից մեկը: Իսկ թե ինչ կպարզվի հետո, կապրենք ու կտեսնենք:
Հ. Գ. Կրկին ըստ «ՀՏրոՈսՑ»-ի իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրի՝ երեկ Լեւոն Հայրապետյանը կասկածվում էր ՌԴ ՔՕ 160 (վատնում) եւ 174-րդ հոդվածների (հանցավոր եկամուտների օրինականացում) հատկանիշներով կատարած հանցագործությունների մեջ: Նախաքննական մարմնի վարկածի համաձայն՝ 2008թ. «Բաշնեֆտ» ընկերության վաճառքից Հայրապետյանը մեծ տոկոս է ստացել»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։