«Ինչպես գիտեք, երեկ ՀՀ ոստիկանությունը խախտել է մեր սահմանադրական իրավունքը, հանել է մեր վրանը եւ ցույց տվել իր բիրտ ուժը` արգելելով շարունակել մեր խաղաղ ցույցը: Մենք որակում ենք դա որպես հակասահմանադրական գործողություն, եւ նրանք պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-երեկ կառավարության շենքի առջեւ հայտարարեցին «Մենք ենք մեր քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները: «Մենք պահանջում ենք, որպեսզի անհապաղ ապամոնտաժվեն այգու տաղավարներն, ու այգին բարեկարգվի»,-ավելացրին նրանք: Բողոքի ակցիային միջամտեց Երեւան քաղաքի ոստիկանության վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ Կարեն Մովսիսյանը, ով փորձեց դադարեցնել ցուցարարների աղմուկը: «Հավաքը չի կարա աղմուկով զուգորդվի, մենք նույնիսկ կարող ենք ձեզ ցրել, օժտված ենք այդ իրավունքով»,-ասաց նա` վեճի մեջ մտնելով ցուցարարներից մեկի հետ, ով ոստիկանին զգուշացրեց. «Դուք օրենքով սահմանված կարգով պատասխան եք տալու»: Նախաձեռնության ակտիվիստները հայտարարեցին, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կոչ է արել ոստիկանությանը` թույլատրել վրանի տեղադրումը:
«Հանգիստ հանել ենք վրանից, ոչ մի քաշքշուկ էլ չի եղել: Բայանդուրն է վրանում եղել, բայց նա չի տուժել, ընդամենն ակնոցներն է կորցրել, մենք էլ գտել, տվել ենք իրան, միայն օգնել ենք, որ վրանից դուրս գա: Ոչ մի բան էլ չի եղել, էրեխե՛ք ջան»,-արդարացավ Կարեն Մովսիսյանը` կոչ անելով կառավարության շենքի մոտ աղմուկով զուգորդված հավաք չանցկացնել, որովհետեւ այն կխանգարի կառավարության բնականոն աշխատանքին:
Նախօրեին «Մենք ենք մեր քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը նամակ էր ուղղել ՀՀ վարչապետին, որով պահանջվում էր մարտի 15-ի նիստի օրակարգից հանել կրպակների՝ եռամյա ժամկետում ապամոնտաժելու մասին կետը եւ որոշմամբ ամրագրել անհապաղ ապամոնտաժելու դրույթը: Սակայն կառավարությունը երեկ որոշում է ընդունել 3 տարի ժամկետ սահմանել, որից հետո կրպակներն այգուց կապամոնտաժվեն: «Մեզ այդ որոշումը չի բավարարում, որովհետեւ հանրային այգին չի կարող առեւտրականացվել, տաղավարները, որոնք տեղադրված են հանրային տարածքում, ապօրինի են, եւ կառավարությունը չի կարող ապօրինության համար պատասխանատվություն կրել: Եթե նույնիսկ այն ընդունվել է, մենք պահանջելու ենք, որպեսզի տաղավարներն անհապաղ ապամոնտաժվեն, ու հանրային այգին վերադարձվի հանրությանը»,-հայտարարեցին ակտիվիստները` ուղեւորվելով Մաշտոցի այգի:
ԱՆՀԱՊԱՂ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ