Մարդիկ լիցքաթափվում են ըստ հետաքրքրությունների: Ծանոթներիցս մեկը մի օր պատմեց, որ երբ ինքը զվարճանքի օբյեկտներից մեկի անվտանգությունում էր աշխատում, եկան երկու կանայք` հավանաբար պաշտոնյաների (մեքենաների համարներից էր կռահել), տեղ պատվիրեցին եւ 1 ժամ անց նաեւ իրեն ու ընկերոջը հրավիրեցին իրենց սեղանի մոտ:
«Առաջարկեցին խմել, չխմեցինք, բայց իրենք արդեն ծիրանի էին: Մի քանի բաժակ էլ խմեցին ու ասացին, որ հրավիրել են իրենց սեղանի մոտ, որ իրենց անվտանգությունը լավ պահենք: Դե մենք էլ պահում էինք: Մի քանի բաժակ էլ որ խմեցին, նրանցից մեկը (մոտ 40 տարեկան) իմ հետ դուրս եկավ բալկոնչիկ, մի թեթեւ ձեռ-մեռ գցեց… Վատ զգացի: Ավելի ճիշտ` վախեցա. ասի` շառ ա: Հետո ասեց` ի՞նչ ես հուշտ լինում, տղամա՞րդ չես: Ստիպված համակերպվեցի, ու ինձ հարցրեց` կուզե՞ս շուտ-շուտ ու շատ գամ ստեղ. հա՛մ քո համար լավ կլինի, հա՛մ իմ: Հարցրեցի` բա դու ամուսնացա՞ծ չես, ասեց` էդ կապ չունի. մարդս տարին 8 ամիս դրսում ա… ինքն իրա հետաքրքրություններն ունի, ես` իմը: Մենակ պայմանավորվել ենք, որ ես ինչ անում եմ` մարդ չի իմանա: Վերջում էլ ասեց` եթե խելոք մնաս, փողի մեջ էլ կարող ա լողանաս»: Հարցրի նրան` համաձայնեցի՞ր: «Չէ՛, ի՞նչ գործ ունեի, բա որ գլխիս սարքեին…»,-ասաց զրուցակիցս` ավելացնելով, որ էդպիսի խորհրդավոր կանայք իրենց ձանձրալի կյանքից են փախչում:
Մեկ ուրիշ ծանոթ էլ մի ուրիշ դեպք պատմեց. նա դիմողներին ուսումնական մեքենաներով վարել է սովորեցնում: Մի անգամ նրա մոտ է եկել իրեն հայտնի պաշտոնյաներից մեկի երիտասարդ, բայց երես առած կինը` մեքենա վարել սովորելու: Այդ պաշտոնյան, չնայած երիտասարդ տարիքին, բավական ցոփ կյանքով է ապրում, եւ տանը մեկ-մեկ է լինում. գրեթե միայն քնած ժամանակ են տեսնում: Եւ կինն ամեն առիթ օգտագործում է` իր սեքսուալ հետաքրքրությունները բավարարելու համար: Ու մի օր էլ, երբ մեքենան վարելով` քաղաքից դուրս են եկել եւ հայտնվել քիչ, թե շատ կիսաամայի վայրում, այդ կինն ուղղակի փորձել է իր վրա հարձակվել… «լավ իմաստով», բայց զրուցակիցս շատ հանգիստ նրան հետ է մղել` զգուշանալով: «Ես գիտեի, որ ախրանան միշտ հետեւում ա. կարող ա դիակս հենց ըտեղ փռեին»,-ասաց ծանոթս` ավելացնելով, որ դրանից հետո ինչ-որ պատրվակով ուղղակի հրաժարվել է նրան մեքենա վարել սովորեցնելուց:
Բայց կա եւս մեկ հետաքրքրություն` խաղատուն, որտեղ եւս սիրում են հաճախել ոչ միայն պաշտոնյաները, այլեւ նրանց կանայք: Խաղատներից մեկի մենեջերի խոսքերով (ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում)` պաշտոնյաների կանայք հիմնականում նախընտրում են «ռուլետկա» խաղալ, եւ նրանց թիվը վերջին երկու տարիներին աճել է: Մենեջերի տեղեկացմամբ` տղամարդիկ ավելի ազարտով են խաղում, «կրվում» եւ ավելի էմոցիոնալ են արձագանքում պարտություններին, մանավանդ եթե մի քիչ էլ գինովցած են լինում: Այդ հողի վրա կարող են ուղղակի վեճ սարքել եւ մի բան վնասել, հետո` «մուծվել»: Իսկ կանայք ավելի շատ ժամանակն անցկացնելու կամ ուղղակի ժամանակ «սպանելու» եւ դավաճանած ամուսնու փողերը քամուն տալու համար են գալիս, միայն թե տանը մենակ չմնան… Պարտվելու դեպքում էլ հանգիստ հեռանում են: «Նույնիսկ մի շատ բարետես արտաքինով կին վերջերս պոկերով 12 հազար դոլար կրվեց, շատ հանգիստ հեռացավ ու դեռ չի եկել»,-ասաց մենեջերը` հավաստելով, սակայն, որ պաշտոնյաների կանանցից բացի, նաեւ էլիտար մարմնավաճառներ ու պարուհիներ են գալիս խաղատուն:
Հաճախորդները տարբեր զբաղմունքներ ունեն, տարբեր ճակատագրեր, նրանց մեջ նույնիսկ ամուսնու խաղացած «ղումարի» պատճառով մարմնավաճառ դարձած կին կա: «Առաջին հայացքից թվում է, թե նրանք շատ երջանիկ են, բայց երբ հաջողվում է իմանալ նրանց կյանքի պատմությունը, հասկանում ես, որ շատերի ընտանիքներում դժբախտություն կա»,-ասաց զրուցակիցս` հիշելով դեպքեր, երբ խաղատուն այցելողների հարազատները խնդրել են այդտեղի անվտանգության աշխատողներին` թույլ չտալ իրենց հարազատին խաղատուն մտնել:
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՑՔԱԹԱՓՎՈՒՄ ԶՎԱՐՃԱՆՔԻ ՎԱՅՐԵՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ