ՀՈՐԸ ՏԱՆԻՑ ՀԱՆԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր այցելել Արարատ գյուղի բնակիչ, 77-ամյա Վարանց Ալոյանը: «Ես 35 թվին եմ ծնվել Մարտունիում, բայց ապրում եմ  Արարատում: Վեճն իմ ու տղայիս միջեւ է»,-դողդոջուն ձայնով սկսեց պատմել  Վարանց պապիկը: Նրա խոսքերով` որդին իրեն տանից  դուրս է հանել: «1-ին հարկի վրա` 180 քառակուսի մետր տարածության վրա, տուն եմ կառուցել, նրան պսակել եմ  ու  նստացրել մեջը, հիմա իմ տղան ասում է, որ  2-րդ հարկն իմն է, ուրեմն 1-ինն էլ է իմը, ու ինձ էլ տանից դուրս է հանել»,-ներկայացրեց Վարանցը` հիշելով, որ 1-ին հարկը 70 թվականից է ունեցել, բայց 2-րդ հարկը  կառուցել է 86-ին:
Ըստ Վարանցի` դատարանն առանց իր ներկայության վճիռ է կայացրել: «Եկան էն սեւ պագոններով օրգանի աշխատողները, ինձ զաստավիտ  արեցին, հանեցին տանից»,-լացակումած պատմեց Վարանցը` նշելով, որ ապրում է իր կնոջ եւ 2-րդ կարգի հաշմանդամ տղայի ընտանիքի հետ: «Ութը շունչ ենք, ապրում ենք մի հատ 80 քառակուսիանոց հին տան մեջ, իսկ իմ տղան 4 շունչ է, աշխատող ձեռք են: Ես ոչ մի բան չունեմ, իսկ խմելու ջուրն էլ ձեռքիցս առել են, ստիպված նորն եմ քաշել»,-բորբոքված նշեց 77-ամյա Վարանց Ալոյանը: Նա ասում է, որ տղան 5 տարեկան է եղել, երբ առաջին հարկը կառուցել է: «Կինն է սովորեցրել, ասել է, որ եթե 2-րդ հարկին գրանցված է, ապա առաջինն էլ է իրենը»,-լրացրեց նա` ընդգծելով, որ պայմաններ չկան իր տանը, նույնիսկ գազն են անջատել ու չեն տալիս: «Ձեռքին  ճար լինի, այս փոքր սենյակից էլ կհանի: Ի՞նչ անեմ, լա՛վ, ո՞ւմ դիմեմ»,-հուզված խոսեց  պապիկն ու ամաչելով նշեց, որ տղան «դաժե ծեծել է իրեն»:
Խոսելով մյուս զավակների մասին` Վարանցը նշեց, որ «մյուս տղայի համար էլ է տուն  սարքել, իսկ երկու աղջիկներին էլ բաժինք է տվել»: «Հիմա աղջիկների բարեկամներն իմ գլխով ու արեւով են երդվում»,-հպարտությամբ նշեց 77-ամյա Վարանցը: «Կինս էն  ժամանակ գնաց գյուղսովետ, 500 մետր հողի համար դիմում գրեց, կոլխոզի  վարչությունը նիստ դրեց, բաժանեցին ու թույլատրեցին, որ ես իմ տան կառուցումն  անեմ»,-հիշեց Վարանցը` զարմանալով այն բանից, թե իր տղայի կինը «400 մետր ինչ ձեւով, ինչ ճանապարհով է ավել հող վերցրել եւ դզել 900 մետր»: «Իմ ոտքի  ճանապարհն էլ է կտրում, ես նույնիսկ զուգարան էլ չեմ կարողանում  գնալ»,-ցավով  նշեց Վարանց պապիկը:
 Մենք զրուցեցինք նաեւ Վարանց Ալոյանի հարսի` Կարինեի հետ: Վերջինիս խոսքերով` դատարանն «իրենց տունն իրենց է տվել»: «Նա բողոքարկել է Վճռաբեկ, Վերաքննիչ դատարան, բայց մերժվել է: Օրենքը մեր տունը մեզ է տվել»,-ներկայացրեց Կարինեն` պատմելով, որ 18 տարի իր որդիները «չեն իմացել, թե ինչ բան է ծաղիկը, հողը»:  «Իմ էրեխեքը հիմա բանակում են, բայց 18  տարի չեն իմացել, թե ինչ բան է հողամասը,-լրացրեց Կարինեն: Նա ունի իր տունը, սեփական հողամասը, ուղղակի մեր ձեռքից ուզում է ամեն ինչ առնել»:
Վարանց  պապիկը  հուսով  է,  որ  մի  օր  իր  տղան  «խելքի  կգա,  կհաշտվի  իր  հետ» եւ  հետ  կվերադարձնի  իր  իսկ  ձեռքով  կառուցած  տան  առաջին  հարկը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս