Երևան քաղաքի 23-ամյա բնակիչ Վաղինակ Ոսկանյանը խանդի հողի վրա կատարած արարքի պատճառով հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Armlur.am-ը տեղեկանում է, որ 2013 թվականի հունիսի 30-ին իր նախկին ընկերուհու` իրենից 11 տարով մեծ Սիրանույշ Գրիգորյանցի՝ Նոր Արեշ 35 փողոցում գտնվող բնակարանում խանդի հողի վրա սկսել է վիճաբանել վերջինիս հետ: Վիճաբանության ընթացքում առանձնակի դաժանությամբ խոշտանգման է ենթարկել Գրիգորյանցին` պատճառելով մարմնական ցավ:
Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Վ.Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 119 հոդվածի 2 մասի 6 կետով (խոշտանգումը` առանձնակի դաժանությամբ):
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:
Քրգործը մակագրվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանին: Ոսկանյանի շահերը պաշտպանում է հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը:
Դատարանը պարզել է, որ Նորքի հոգեբուժական հիվանդանոցի ստացիոնար հետազոտության ակտով նրա մոտ ախտորոշվել է «անձի հիստերիկ խանգարում», իսկ Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայի ստացիոնար հետազոտության արդյունքների համաձայն` ախտորոշվել է «անձնային գծերի շեղվածություն ինքնավնասումներով և կոպիտ ցուցադրական վարքով»։
Ամբաստանյալ Վաղինակ Ոսկանյանի եղբայրը` 20-ամյա Սարգիս Ոսկանյանը, Շահումյանի զինկոմիսարիատի ուղեգրերով 2012 և 2013թթ. ընթացքում բազմիցս ստացիոնար հետազոտվել է Նորքի և Նուբարաշենի հոգեբուժական կլինիկաներում, նրա մոտ ախտորոշվել է «կրկնվող իրավիճակային ռեակցիաներ հիստերիկ տիպի շեղված անձի մոտ նպատակային ինքնավնասումներով և ցուցադրական վարքով»: Նա նույնպես ճանաչվել է ոչ պիտանի ծառայության համար` տալով տարկետում 3 տարի ժամկետով։
Ամբաստանյալ Վաղինակ Ոսկանյանը անընդհատ գտնվել է կոնֆլիկտային իրավիճակներում:
Դատարանն ապացուցված է համարել այն հանգամանքը, որ տուժողը և ամբաստանյալը գտնվել են ինտիմ կապի մեջ 2012թ. հոկտեմբեր ամսից, և մինչև 2013թ. հունիսի 23-ը միասին բնակվել են հանրակացարանում:
Տուժողի և ամբաստանյալի հարաբերությունները լարվել են. ամբաստանյալ Վաղինակ Ոսկանյանը, հավաքելով անձնական իրերը, հեռացել է Սիրանուշ Գրիգորյանցի բնակարանից։
2013թ. հունիսի 30-ին ժամը 02:00-ի սահմաններում Վաղինակ Ոսկանյանը ցանկացել է հանդիպել Սիրանուշ Գրիգորյանցին, գնացել է նրա բնակարան, որտեղ այդ պահին գտնվել է Սիրանուշ Գրիգորյանցի վաղեմի ընկեր Ստեփան Հովսեփյանը:
Մեկ այլ տղամարդու` նշված բնակարանում գտնվելու հանգամաքը զայրացրել է Վաղինակ Ոսկանյանին: Վերջինս ծեծի է ենթարկել Սիրանուշ Գրիգորյանցին` ոտքով հարվածել է նրա գլխին, ձեռքերով բռնել է նրա մազերից, գցել գետնին և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել տուժող Սիրանուշ Գրիգորյանցի մարմնի տարբեր մասերին:
Սիրանուշ Գրիգորյանցը սողալով կարողացել է մոտենալ մուտքի դռանը, դուրս գալ միջանցք և օգնություն կանչել: Այդ պահին Վաղինակ Ոսկանյանը կրկին բռնել է տուժողի մազերից, քաշելով նրան` հանել միջանցք, կծել և պոկել է տուժողի աջ ականջի մի կտորը` տուժողի առողջությանը պատճառել թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով։ Դեպքի վայր եկած բնակիչների միջամտությունից հետո Վաղինակ Ոսկանյանը հեռացել է:
Նույն օրը ժամը 04:00-ին հանգստանալով և գիտակցելով իր արարքը` Վաղինակ Ոսկանյանը կրկին վերադարձել է Ս.Գրիգորյանցի բնակարան` տուժողի որպիսությունն իմանալու։ Տեսնելով, որ բնակարանի դուռը փակ է, լույսը` անջատված, Սիրանուշ Գրիգորյանցի` բնակարանում գտնվելու հանգամանքը պարզելու նպատակով մոտեցել է բնակարանի պատուհանին, քարով կոտրել ապակին և հասկանալով, որ Սիրանուշ Գրիգորյանցը տանը չէ, հեռացել է։
Դատարանը որոշում է կայացրել Ոսկանյանի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին: