Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում Հանրապետական կուսակցությունը նախընտրական յոթ շտաբ է բացել, այնքան, որքան քաղաքի ընտրական տեղամասերն են: Նախընտրական շտաբ է բացված նաեւ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի զբաղեցրած տարածքում, Իջեւանի արվեստի դպրոցի շենքում: Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածով արգելվում է քարոզչական պաստառներ փակցնել պետական հիմնարկների զբաղեցրած շենքերում: Մեր տվյալներով` ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի զբաղեցրած շենքի այդ հատվածը (ուր տեղակայված է նախընտրական շտաբը) մասնավոր սեփականություն է, սակայն օրենքը նշում է` զբաղեցրած եւ ոչ թե պատկանող շենքի մասին, իսկ տվյալ դեպքում շենքը զբաղեցնում է պետական բուհի մասնաճյուղը: Հավելենք, որ ՀՀԿ Իջեւանի տարածքային կազմակերպության ղեկավարը ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանն է: Կիրառական արվեստի ֆակուլտետը Տավուշի մարզպետարանից շուրջ հարյուր մետր հեռավորության վրա է: Իսկ Հանրապետական կուսակցության Տավուշի մարզային կառույցի ղեկավարը Հայաստանի «ամենաերկարակյաց» մարզպետ Արմեն Ղուլարյանն է: 12 տարի պաշտոնավարող մարզպետը, ով բազում ընտրություններ է տեսել, պիտի իմանար օրենքի պահանջը: Դրանից հետո ինչպե՞ս հավատալ ՀՀԿ-ի կարգախոսին` «Հավատանք, որ փոխենք»:
Տավուշ