Ռուսաստանը ստիպված է իր ինքնաթիռները սպառել միայն ներքին շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ.-ին Ռուսաստանի ռազմաօդային ուժերը կհամալրվեն ավելի քան 90 սեփական արտադրության նոր ինքնաթիռներով: Ըստ РИА Новости-ի, այս մասին հայտարարել է «Միացյալ ավիաարդյունաբերական կորպորացիայի» (ՄԱԿ) ղեկավար Միխաիլ Պողոսյանը:

«Թեև մենք պահպանում ենք ռազմական ինքնաթիռների արտահանումը, սակայն այս տարի ավելի քան 90 ինքնաթիռ կմատակարարվի Ռուսաստանի ռազմաօդային ուժերին», – նշել է Պողոսյանը:

Նրա կարծիքով, այսօր Ռուսաստանի ավիատեխնիկայի հիմնական շուկան ներքինն է:

«Ներկայումս մենք մեր մարտական համակարգերը հայրենիքից դուրս ցուցադրելու անհրաժեշտություն չունենք», – հավելել է կորպորացիայի ղեկավարը:

Պողոսյանը նշել է, որ վիզաների հետ կապված խնդիրները չեն խանգարի ընկերության պատվիրակությանը բանակցություններ վարել «Ֆարնբորո-2014» միջազգային ավիասրահում: Նրա խոսքով, նման բանանկցություններ են նախատեսված SSJ-100 ինքնաթիռների հիմնական պատվիրատուներից մեկի՝ մեքսիկական Interjet ավիաընկերության հետ:

Հիշեցնենք որ հուլիսի 14-ին սկսված աշխարհի ամենահեղինակավոր ավիաշոույին Ռուսաստանը հրավիրված չէր: Ինչպես հայտարարել էր Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը, ռուսական պատվիրակությանը չհրավիրելու և ցուցահանդեսային տարածք չտրամադրելու մասին որոշումը կայացվել է Ուկրաինայում Մոսկվայի վարած քաղաքականության պատճառով:




Լրահոս