Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, հարցաքննվում է մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանը:
Վերջինս նիստի մեկնարկին հայտարարեց, որ 2013 թվականի մայիսի 15-ին իր տված ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ տրվել են ծեծի և խոշտանգումների ազդեցության ներքո:
Ամբաստանյալ նշեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված ոչ մի մեղադրանքով:
«Ես ի՞նչ եմ արել, որ ինչ-որ բանում ինձ մեղավոր ճանաչեմ: Մարիամի հետ ծանոթացել եմ «Գոլդեն Սեքնդս» հյուրանոցում 7 ամիս աշխատելուց հետո: Մարիամը երկու օրվա աշխատող էր, նրա հետ ընկերություն եմ արել մոտ մեկ ամիս: Մեր ընկերությունը չշարունակվեց, որովհետև ընկերուհիներից մեկից իմացա, որ ընկեր ունի` անունը Միսակ: Մարիամից բաժանվելուց հետո հանդիպումներ ունեցել ենք, որովհետև Մարիամը շարունակում էր պնդել, որ մենք շփվենք, բայց ասում էի ընկեր ունես, ինչպե՞ս շփվենք: Մարիամն էր նախաձեռնում մեր հանդիպումները: Հարաբերությունները դադարեցնելուց հետո երեք անգամ ենք հանդիպել: Առաջին անգամ Հալաբյանի այգում գնացինք եկեղեցի` Մարիամն էր ու իր ընկերուհի Արաքսյան: Երկրորդ հանդիպման ժամանակ Մարիամն ասաց, որ ինչ-որ խնդիր ունի, պետք է գնայինք բժշկի, հետո էլ գումարային հարցից էր նեղվում, գնացինք Կիևյան` Մարիամի ծանոթ բժշկի մոտ: Երրորդ հանդիպումը ապրիլի 26-ին էր, զրուցեցինք մեր հարաբերությունների մասին: Սկզբում չեմ իմացել` ինքը որտեղ է ապրում, հետո իմացա, որ կվարտալցի ա: Երբևիցե նրա բնակարանում չեմ եղել»,- պատմեց ամբաստանյալը:
Այնուհետև հայտնեց, որ Մարինեի մասին իմացել է ոստիկանությունում, իսկ Մարիամի և նրա ընկերուհիների հարաբերությունների մասին իմացել է ամեն բան, քանի որ Մարիամը իրենից խորհուրդներ է հարցրել և պատմել ամեն բան:
Դավիթ Թամրազյանը պատմեց նաև, որ Մարիամից բաժանվելուց հետո իրենք վիճաբանություններ և այլ հարաբերություններ չեն ունեցել:
Պաշտպան Գրիգորյանի հարցին, թե Մարիամն իրեն երբևէ պատմե՞լ է այլ անձանց պարտք ու պահանջ ունենալու մասին, Թամրազյանը դրական պատասխան տվեց և ասաց, որ ինքը պարտքով գումար է տվել Մարիամին, որպեսզի մյուսների պարտքերը մարի:
Ապա պաշտպան Կրոմվել Գրիգորյանը հարցրեց, թե ինչպիսի վերաբերմունք է նրա նկատմամբ եղել ոստիկանությունում, ամբաստանյալը պատասխանեց, որ իրեն հարցաքննել են դատախազն ու դատավորը, ինչը զարմանք առաջացրեց պաշտպանական կողմի մոտ, իսկ մեղադրող կողմը հարցրեց. «Դեպուտատներ չե՞ն եղել»:
Դավիթ Թամրազյանն իր ցուցմունքում հայտնեց նաև, որ առաջին անգամ ոստիկանությունում հարցաքննվելուց հետո իր մոտ եղած երկու հեռախոսներից մեկը մնացել է բաժնում, հենց այն հեռախոսը, որով ինքը զանգահարել էր սպանված մատուցողուհուն:
Ապա մեղադրող Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե որքան էլ ամբաստանյալը օգտվի իր իրավունքից և ցուցմունք տա, դա չի նշանակում, թե պետք է սուտ մատնություն տա և պետական պաշտոնյաներին մեղադրի հանցագործության մեջ: Ապա մեղադրողը միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալին նախազգուշացում տալ սուտ ցուցմունք տալու մեղադրանքի առաջադրման մասին:
«Թող սուտ ցուցմունք տա, դա իր իրավունքն է, բայց սուտ մատնություն տալու իրավունք չունի: Սա իմ միջնորդությունն է»,- ասաց մեղադրողը:
Ապա պաշտպանը հարցրեց, թե ինչ վերաբերմունք է եղել ամբաստանյալի նկատմամբ մայիսի 9-ին, վերջինս պատասխանեց, որ իրեն հայհոյել են, զգեստները քաշքշել, ծեծել, սակայն ինքն ասել է, որ չի սպանել և ոչ մի բանի հետ կապ չունի:
«Մաշտոցի բաժնում Գուրգեն անունով օպերն է ինձ ծեծել` քրեական հետախուզության բաժնի պետի սենյակում: Ռոզիսկի պետն էլ է ինձ ծեծել: Հետո երեք հոգի նույնպես ծեծել են, էլեկտրաշոկով հարվածում էին, քացով խփում ոտերիս, հայհոյում: Ծեծում ու հարցնում էին` ինչի՞ ես սպանել: Հետո շորերս հանեցին ու ինչ-որ դաջվածքներ էին վրաս ման գալիս: Չասեցին` ինչ դաջվածք են փնտրում, ու մինչև վերջ հանվացրել են ինձ, ոտքերիս տակն էլ են նայել: Մայիսի 9-ին քննիչի հետ չեմ հանդիպել»,- պատմեց Դավիթ Թամրազյան:
Պաշտպանը նաև հարցրեց, թե ինչու չի բողոքել ոստիկանների ծեծի պատճառով, ամբաստանյալը պատասխանեց, թե շատ ոստիկաններ են ծեծում երիտասարդներին, ու Հայաստանի պայմաններում դա նորմալ է:
«Ես ի՞նչ իմանայի, որ սենց բան գլխիս կգա»,- ասաց ամբաստանյալը:
Ամբաստանյալ հարցաքննոթյունը շարունակվում է: