Նախորդ շաբաթ տեղացած ուժեղ կարկուտից տուժել են Շիրակի մարզի 31 և Լոռու մարզի 15 համայնքների ավելի քան 14 հազար հա մշակաբույսերի ցանքատարածություններ: Հացահատիկի ցանքատարածությունները կազմել են 12 հազ. հա, կարտոֆիլը՝ 1740 հա, բանջարեղեն՝ 636 հա: Այս մասին այսօր կառավարության նիստում զեկուցեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Շիրակի և Լոռու մարզերում տուժած 1716 հողօգտագործողներ 2013 թ-ին պետական օժանդակության ծրագրերով ստացել են 629 տոննա աշնանացան սերմացու՝ 100 մլն դրամ արժողությամբ: Ձեր հանձնարարությամբ այն պետք է վերադարձնեին այս տարի բերքահավաքից հետո, բայց հիմա մենք պետք է մեկ տարով հետաձգենք վերադարձը, մյուս տարի նոր որոշում պետք է ընդունենք»,– ասաց նախարարը:
Վարչապետը հիշեցրեց, որ ինքն անձամբ է նախորդ շաբաթ այցելել կարկուտից տուժած համայնքներ և ընդգծեց, որ իրենք պետք է աջակցեն գյուղացուն:
«Բայց ինձ համար անհասկանալի է, եթե այս տարի բերք չեն ստանալու, ինչպես են վերադարձնելու վարկերը: Խնդրում եմ, պարոն Ջավադյան, փորձեք աջակցել վարկերի հարցում և փորձեք օգնել գյուղացիներին: Ներգրավեք մարզպետներին այս հարցում»,-ասաց նա` դիմելով Կենտրոնական բանկի նախագահին: