ՀԱՐՑ. Ես հիմա տնօրեն եմ մի կազմակերպությունում, որը բացվել է 2010 թվականին ու մինչ այժմ գործունեություն չի ծավալել, աշխատողներ չկան: Ինձ հետաքրքիր է` նման դեպքում հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտություն կա՞ արդյոք:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե կազմակերպությունը փաստացի գործունեություն չի ծավալում (կամ ժամանակավոր դադարեցրել է), գործատու չէ եւ չունի աշխատողներ ու աշխատանքային պայմանագրեր, ապա հաշվետվություն չի ներկայացնում: Բայց եթե կազմակերպությունն ունի գույքահարկով կամ հողահարկով հարկվող օբյեկտներ, ապա պարտադիր կերպով պետք է ներկայացնի շահութահարկի հաշվարկներ (զրոյական):
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հենց զրոյական հաշվետվություն ներկայացնելու պարտավորությունն էլ մի մեծ գլխացավանք է դառնում չգործող կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Բանն այն է, որ հարկայինում լինելուց հետո նման մարդկանց ստիպում են առնվազն 2 հաստիք գրանցել` տնօրենի ու հաշվապահի` պարտադրելով ամենաքիչը նվազագույն աշխատավարձի չափով համապատասխան թղթեր ու վճարումներ ցույց տալ ու պետությանը մասհանումներ կատարել: Ասվում է, որ եթե մարդը զրոյական հաշվետվությունը ձեռքին ներկայացել է հարկային, ուրեմն աշխատանք է կատարում, ինչի դիմաց պետք է վարձատրվի: Կարճ ասած, սա հարկայինի կողմից տարիներով պարտադրվող անհեթեթություններից մեկն է, որը ոչ մի կերպ չի վերացվում: