ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մեր հարեւանուհին, ով պետք է բնակարան ստանար դեռ չկառուցված շենքում, մահացել է: Մինչ մահը, նրան խնամում էինք մենք: Մահվան ծախսերը եւս մենք ենք հոգացել: Կենդանության օրոք  նա բանավոր կերպով ասել է, որ իր տունը մեզ է թողնում, բայց գրավոր որեւէ ապացույց չկա: Ժառանգներ ընդհանրապես չունի: Ո՞ւմ է մնալու նրա բնակարանը:

Հայկ Խալաթյան, 39 տարեկան, գործազուրկ

ՊԱՏԱՍԽԱՆ.  Բանավոր կերպով ասվածը մինչ կնոջ մահը պետք է ձեւակերպված լիներ որպես կտակ, բայց եթե գրավոր որեւէ փաստաթուղթ չկա, ապա բնակարանը իրենց չի կարող մնալ, քանի որ բանավոր խոսքով ասվածը հիմք ընդունելով` կտակ կամ նվիրատվություն չեն կարող ձեւակերպել: Եթե նրանք կնոջ կենդանության օրոք գոնե ձեւակերպված լինեին որպես խնամակալ` օրենսդրությամբ համապատասխան կարգով, ապա բնակարանը կլիներ իրենցը: Այս դեպքում, երբ կինը ոչ մի ժառանգ չունի,  բնակարանը կմնա պետությանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայկ Խալաթյանի հարեւանուհին հավանաբար անսպասելիորեն է մահացել, իսկ կտակի ձեւակերպումը հարեւանները մշտապես հետաձգել են: Երեւի թե համապատասխան փաստաթղթի առկայությունը որեւէ խնդիր չէր հարուցի, եւ հարեւանին խնամած գործազուրկ քաղաքացին գոնե բնակարանի տեր կդառնար: Ավելին, ինչպես մեր ընթերցողն է պնդում, ինքը հոգացել է նաեւ ծեր կնոջ թաղման ծախսերը, մինչդեռ օրենքները բարոյական հարթությունում հարցեր չեն կարող լուծել: Ուստիեւ դժվար չէր ենթադրել, որ կտակի բացակայության դեպքում բնակարանը Հայկ Խալաթյանին չէր անցնելու: Միգուցե հարեւանների ու շրջապատի վկայությունը հնարավորություն տար որեւէ մեկին չպատկանող անշարժ գույքը հարեւանին խնամած քաղաքացուն հատկացնել: Բայց օրենքները հստակ են, ու տվյալ դեպքում հազիվ թե գործող կարգը շրջանցելու հնարավորություն լինի:




Լրահոս