ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ իմաստային եւ կիրառական տարբերություն կա «ազգաբնակչություն» եւ «բնակչություն» բառերի միջեւ, եւ ո՞ր դեպքերում են դրանք օգտագործվում: Հայաստանի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահների խոսքերում «ազգաբնակչություն» բառն է, իսկ «բնակչություն» բառը չկա: Ազգային Ժողովի պատգամավորները, նախարարները եւ նրանց տեղակալների գերակշիռ մասը, որոնք չեն փայլում հայերենի բավարար իմացությամբ, նույնպես միայն «ազգաբնակչություն» բառն են օգտագործում:

Պողոս Արեստակեսյան, 60 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ բառերի միջեւ իմաստային եւ կիրառական տարբերությունն այն է, որ բնակչություն ասելով` հասկանում ենք տարածքային տվյալ միավորի վրա ապրող մարդկանց ամբողջականությունը, որի մեջ ներառվում է նաեւ ազգաբնակչությունը: Ազգաբնակչությունը կոնկրետ որեւէ ազգին պատկանող մարդկանց ամբողջությունն է: Հայաստանի ազգաբնակչությունը հայերն են, իսկ բնակչությունը` բոլոր նրանք, ովքեր փաստացի բնակվում են մեր երկրում: Հայաստանում ապրում են ռուսներ եւ եզդիներ, ովքեր համարվում են մեր բնակչության մի մասը, բայց ազգաբնակիչ համարվել չեն կարող:

Գիտությունների ազգային ակադեմիայի
գիտակրթական միջազգային կենտրոնի
դասախոս, բանասեր Նարինե Վարդանյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դե իհարկե, պատգամավորներն ու մյուս պաշտոնյաները խոսում են այնպես, ինչպես ստացվում է: Շատ ժամանակ նրանք գոնե մոտավոր ճշգրտության սահմանները չեն կարողանում պահպանել: Ինչ վերաբերում է «բնակչություն» եւ «ազգաբնակչություն» եզրույթների ընդգծմանը, ապա նշված բառերն ինքնին հուշում են, որ բնակչությունը կարող է ընդգրկել նաեւ ազգային փոքրամասնությունների, իսկ ազգաբնակչության դեպքում տվյալ երկրում բնակվող մյուս ազգերի ներկայացվածությունը  չի ենթադրվում:




Լրահոս