Հուլիսի 19-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա «Խազեր» երկսեռ երիտասարդական երգչախմբի մենահամերգը Գերմանիա մեկնելուց առաջ:
Խումբը Գերմանիայում հրավիրված է մասնակցելու Վագների անվան միջազգային երաժշտական փառատոնին: Այս փառատոնին մասնակցելու են տարբեր երկրներից հրավիրված երգչախմբեր, որոնք ներկայացնելու են իրենց ազգային երաժշտությունը:
Հայաստանն այս փառատոնին մասնակցում է առաջին անգամ եւ ներկայանալու է «Խազեր» երգչախմբով: «Խազեր» երգչախմբի դիրիժոր, գեղարվեստական ղեկավար Անի Նավասարդյանի խոսքով՝ Գերմանիա մեկնելու համար խմբին անհրաժեշտ գումարի մի մասն իրենք արդեն հայթայթել են սեփական ուժերով եւ որոշ կամավորների օգնությամբ, սակայն, 2,3 մլն դրամ դեռեւս պակասում է:
««Խազեր» երգչախումբը Ձեր աջակցության կարիքն ունի: Ձեզնից յուրաքանչյուրը կարող է նպաստել մեր ազգային երաժշտությունը միջազգային բեմերում ներկայացնելուն»,- ասաց Անի Նավասարդյանը՝ նշելով, որ երգչախումբն այժմ պատրաստվում է «Մենահամերգ»-ի, որից ստացված գումարը եւս նպաստելու է Գերմանիա մեկնելու համար անհրաժեշտ գումարի համալրմանը:
Տեղեկացնենք, երգչախումբը միջազգային փառատոնին մասնակցելու համար Գերմանիա մեկնելու է օգոստոսի սկզբին: «Խազեր»-ը Հայաստանում միակ երկսեռ, երիտասարդական երգչախումբն է (18-26 տ. կազմով), որը երգում է ազգային երաժշտություն:
«Դուք կարող եք քաջալերել մեզ՝ միջազգային բեմում ներկայանալուն նախորդող համերգին՝ «Մենահամերգ»-ին ներկա գտնվելով»,- ասաց Անի Նավասարդյանը:
«Խազեր» երգչախումբը ստեղծվել է մոտ 2 տարի առաջ՝ կամավոր, երաժշտասեր երիտասարդների նախաձեռնությամբ: Խմբի անունը պատահական չէ. խազերը հին հայկական նոտագրությունն է, որը կարդալու բանալին կորսվել է 17-18-րդ դարերում եւ վերականգնվել 19-րդ դարում մեծագույն հայ երաժիշտ, ազգագրագետ Կոմիտասի կողմից: Ցավոք, 1915 թ.-ին Թուրքերի կողմից իրականացված Հայերի ցեղասպանությունից հետո Կոմիտասի ձեռագրերի մի մասը կորսվեց: Դրանց մեջ կային Խազերի մասին աշխատություններ ու էլի՝ համաշխարհային երաժշտական ժառանգության համար բավականին թանկ նյութեր: Այժմ խազագիտությամբ զբաղվում է երաժշտագետ, Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, եւ հուսանք, որ մի օր մենք «Խազեր»-ի օգնությամբ կերգենք մեր երգերը:
Երգչախմբի երգացանկի հիմնական մասը կազմում են հենց Կոմիտասի բազմաձայնած Հայ գեղջուկ եւ եկեղեցական երգերը, դրանց թվում՝ աշխատանքային, ծիսական, սիրային-քնարական, հայրենասիրական պարային եւ այլն: Հարցերի, ինչպես նաեւ տոմսերի ձեռքբերման համար կարող եք զանգահարել «Խազեր» երգչախմբի դիրիժոր, գեղարվեստական ղեկավար Անի Նավասարդյանին հետեւյալ հեռախոսահամարով՝ 093 72 16 27: