Ուսումնասիրությունները կսկսվեն Սևանի հոգեբուժական հիվանդանոցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի երկրորդ` հուլիսի 16-ի հայտարարության կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարել է ստեղծել հատուկ հանձնաժողով` ուսումնասիրելու հոգեբուժարաններում դեղերի շրջանառությունը, այդ ուղղությամբ գործող նորմերի ապահովումը։ Մասնագիտական ուսումնասիրությունն առաջինը կիրականացվի Սեւանի հոգեբուժական հիվանդանոցում։

Նախարարությունը շնորհակալ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին ոլորտի նկատամամբ ուշադրության եւ նախանձախնդրության համար։ Այն միայն կպարտադրի շատ ավելի զգոն գտնվել։ Նաեւ հուսով ենք, որ խնդիրների եւս մեկ անգամ բարձրացումն իր հերթին կխթանի, որպեսզի ոլորտում տարիներ շարունակ կուտակված հարցերի, անմխիթար վիճակում գտնվող հոգեբուժարանների արդիականացման համար ֆինանսավորման աղբյուրներ գտնվեն։

Միաժամանակ հրապարակում ենք Սեւանի հոգեբուժական հիվանդանոցից ստացված բացատրությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների կատարած ուսումնասիրության առթիվ։

«Օմբուդսմենի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ նշված երեք անուն ժամկետանց դեղերից մեկը 3-րդ բաժանմունքում եղած յոդն է, որը հիվանդանոցի դեղատունը գնել է 100մլ տարայով եւ կիրառման համար շշալցրել փոքր տարայի, տվյալ դեպքում` վալերիանայի դատարկ շշի մեջ։

Վալերիանայի շշի վրա նախկին պարունակության պիտանիության ժամկետն է եղել։ Ինչ վերաբերում է հաբերին, ապա տեղեկացնում եմ, որ հիվանդանոցում դեղորայքը  հիվանդներին բաժանելիս բուժքույրերը կտրում են դեղահաբերի թերթիկները։ Այս դեպքում հաջորդ օրվա համար պահված հատվածում բացակայել է պահպանման ժամկետի մասին նշումը։ Բաժանմունքների ավագ քույրերին հենց օմբուդսմենի ներկայացուցիչների ներկայությամբ զգուշացվել է, որ այսուհետեւ դեղահաբերի թերթիկներն այնպես կտրեն, որ պահպանման ժամկետի նշումը մնա մինչեւ վերջին դեղահաբի սպառումը։

Եթե ուսումնասիրությունը կատարվեր բուժհաստատության դեղատանը, ապա ակնհայտ կլիներ, որ հիվանդանոցում ժամկետանց դեղորայք չկա։ Բաժանմունքներից մեկում եղել է 20-30մլ-ի չափով ժամկետանց յոդինոլ, ինչն անմիջապես հանվել է` սահմանված կարգով ոչնչացնելու նպատակով»,-ասվում է նախարարին ուղղված բացատրագրում։




Լրահոս