Կողմերն ավելի մոտ են ԼՂ հակամարտության կարգավորմանը, քան իրենք են կարծում. Ռոբերտ Բրադկե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱԿՀ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն “Ազատություն” ռադիոկայանի եվրոպական ծառայության հետ զրույցում ԵԱՀԿ 20-ամյակի առթիվ ամփոփել է Մինսկի խմբի գործունեությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ ասելով, որ կողմերն ավելի մոտ են հակամարտության  կարգավորմանը, քան իրենք են կարծում էին։ “Ես կարծում եմ Մինսկի խումբը կարևոր բաներ արել է այս ընթացքում: Նախ այն նպաստել է կայունության հաստատմանը և լարվածության թուլացմանը: Օգնել ենք կանխել նոր պատերազմի առաջացումը և եթե անգամ 1994 թ.-ից հետո այս ընթացքում հրադադարի խախտումներ են տեղի ունենում, օգնել ենք, որ դա ինչ-որ ավելի լուրջ բանի չվերածվի:Կողմերը հնարավորություն չունեն միմյանց հետ ուղիղ հաղորդակցվելու, ուստի երբ մենք մեկնում ենք տարածաշրջան, հանդիպում ենք նրանց հետ և օրինակ փորձում ենք օգնել, որ կողմերն իրար ավելի լավ հասկանան”, – ասել է նա: Բրատկեն նաև կարևորել է այն, որ անցնող տարիների ընթացքում, բանակցությունների համար ընդհանուր հիմքեր են գտնվել, մշակվել են հիմնարար սկզբունքները` ԼՂ հարակից տարածքների վերադարձ Բաքվին, տեղահանված մարդկանց վերադարձ, ԼՂ համար միջանկյալ կարգավիճակ` անվտանգության և ինքնակառավարում ունենալու երաշխիքներով, և միջանցք, որը Լեռնային Ղարաբաղը կկապի Հայաստանի հետ ու հետագայում ԼՂ իրավական կարգավիճակի տրամադրում: “Մենք դեռ հաջողության չենք հասել”,- ասել է նա` կարևորելով Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում Սոչիում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների արած հայտարարությունը: Հարցին, թե կարելի է ասել, որ այս պահին ԼՂ կարգավորման հարցն ավելի մոտ է քան 20 տարի առաջ, Բրատկեն պատասխանել է: “Անխոս մենք ավելի մոտ ենք այսօր, քան 20 տարի առաջ: Կողմերը հասկացել են, թե ինչպիսին պետք է լինի վերջնական կարգավորումը: Այդ տարրերը ներառված են ԼևԱքվիլայի, Մուսկոկայի և անցյալ տարի Դովիլյան համաժողովներում: Այդ տարրերը հիմա ավելի պարզ են, քան երբևէ եղել են”: Անդրադառնալով Կազանյան հանդիպմանը` Բրադկեն նշել է, որ իրենք Կազանի հանդիպումից ակնկալիքներ ունեին և կարծում էին, որ առաջընթաց կլինի, սակայն ոչինչ չեղավ: “Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ կորած է: Չի նշանակում, որ մենք չենք ունեցել կետեր, որոնց շուրջ կողմերը համաձայնության են եկել: Ես չեմ ուզում շատ մանրամասններ հայտնել, որովհետև շատ զգայուն բանակցություններ են, սակայն մենք հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ենք եկել և դա շատ լուրջ մարտահրավեր է”,- ասել է նա: Դիտարկմանը, թե Սոչիի հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնության եկան ԵԱՀԿ-ի հետ համատեղ հետաքննել շփման գծում հրադադարի խախտման դեպքերն ուսումնասիրելու հարցում, Բրադկեն պատասխանել է. “Դա իրականում անցյալ տարվանից էր քննարկվել: Մենք կողմերին ներկայացրել ենք մի քանի գաղափարներ` դա կյանքի կոչելու համար: Հանրային շփումների մասին: Ես կարծում եմ, որ դրանք էլ են կարևոր: Երբ հետ ենք նայում անցյալ 20 տարիներին, տեսնում ենք, որ նոր սերունդը Հայաստանում և Ադրբեջանում, չունի անձնական շփում, ինչը կարող էր օգնել իրար ավելի լավ հասկանալու հարցում: Սակայն դա չի աշխատի, եթե կողմերը քաղաքական նպատակներ ունենան և քաղաքականացված լինեն: Պետք է մարդկանց համախմբել` քննարկելու համար ընդհանուր խնդիրները”: Ռոբերտ Բրադկեն, որպես ասվածի օրինակ նշել է, որ կողմերի միջև նման երկխոսությունները կարող են լինել տեղի իշխանությունների հետ համատեղ քննարկում ընդհանուր խնդիրների շուրջ` օրինակ` ջուր, գյուղատնտեսություն, էներգետիկա: ՄԽ ամերիկացի համանախագահը դարձյալ կրկնել է, որ ստատուս քվոն անընդունելի է և պետք է խնդրի լուծումը գտնել: “Մենք պետք է առաջընթաց ունենանք այս հարցում: Մենք չենք կարող հետ նայել և տեսնել, որ ունենք նույն իրավիճակը, ինչ 20 տարի առաջ: Միակ բանը, որ շատ կարևոր է, այն է, որ կողմերն ավելի մոտ են խնդրի կարգավորմանը, քան իրենք են կարծում: Վստահության պակասը դժվարեցնում է այդ ամենը տեսնելը: Կողմերը պետք է հասկանան, որ չեն կարող հասնել խաղաղության մինչև ինչ-որ բան չտան և չստանան: Դա հեշտ չէ անել: Եվ եթե մենք գործընթացին նայում ենք օբյեկտիվորեն, կողմերն ավելի մոտ են լուծմանը, քան իրենք են կարծում: Եթե մենք կարողանանք շարժվել առաջ այս տարի` ստեղծելու համար գործընկերություն, ուրեմն կկարողանանք հասնել առաջընթացի”,- ասել է նա:




Լրահոս