ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանի կարծիքով՝ իրենք կարող էին այս մեկ տարվա ընթացքում ավելի շատ ձեռքբերումներ ունենալ: Պատգամավորը, սակայն, գտնում է, որ իրավիճակն այդքան էլ վատ չէ, ինչպես ներկայացվում է:
-Պարո՛ն Հարությունյան, ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ Հայաստանում ամեն տասներորդ ընտանիքը սոված է պառկում քնելու: Որպես իշխանության ներկայացուցիչ՝ Դուք դա ամոթալի չե՞ք համարում:
-Այն, ինչ կարողացանք, արեցինք, թեպետ կան դժգոհներ, կան եւ գոհ մարդիկ, միշտ էլ այդպես է: Ես նախ մի բան կուզեմ նշել, որ ես իսկապես ձեռքբերում եմ համարում այն, երբ մենք խաղաղություն ենք ունենում, դա է ամենամեծ ձեռքբերումը: Ձեռքբերում եմ համարում, որ մարդիկ որոշակի չափով բարելավեցին իրենց կեցությունը, կարծում եմ՝ հունվարի 1-ից էլ թոշակների հարցը կլուծվի: Իսկ ինչ վերաբերում է Ահարոն Ադիբեկյանի ասածին, ապա ես չեմ կարծում, որ Ադիբեկյանի ասածը ճշմարտության հետ կապ ունի. այո՛, կան մարդիկ, որոնք աղքատության մեջ են ապրում, իսկ մնացածն այլ բան է:
-Բայց ժամանակին, երբ Ա. Ադիբեկյանը հայտարարեց, որ նախագահական ընտրություններում հաղթելու է Սերժ Սարգսյանը, բոլորդ հավատում էիք նրա ներկայացրած «թվերին», ինչո՞ւ այժմ չեք հավատում…
-Դե երեւի ինչ-որ տեղ Ահարոնին նեղացրել են, ինքը նոր փաստեր պետք է բերի, որ հետո նոր ուղղի իր այդ ասածները: Իհարկե, աղքատություն կա, բայց այնտեղի բացարձակ թվերի հետ ես համաձայն չեմ:
-Այսինքն, ըստ Ձեզ, Հայաստանում աղքատությունը շատ քիչ է, ու մենք ավելի շատ առավելություններ ու ձեռքբերումնե՞ր ունեցանք այս տարվա ընթացքում:
-Դանդաղ, բայց ունենք: Չէի ասի, որ մենք շատ ձեռքբերումներ ենք ունեցել, կարող էինք ավելին ունենալ: Եվ այդ ճանապարհները գոնե ես գիտեմ, թե ինչպես պետք է անել, որ ավելի լավը լինի, որ ավելի շոշափելի լինեն այդ ձեռքբերումները: Ես միշտ ասել եմ, որ ձեռքբերումների հետ միասին մենք պետք է ունենանք պետական գործիչներ, պետական, քաղաքական գործիչներ, որոնք կարողանում են ու կկարողանան ձեւեր ու ելքեր գտնել այդ ձեռքբերումների համար: Ես կարծում եմ, որ եթե մեր պետական, քաղաքական գործիչների մեջ տեսակարար կշիռը լինեն այնպիսի մարդիկ… ամեն մեկս պետք է այն ոլորտում, որտեղ գտնվում ենք՝ պատգամավոր, նախարար, ձեռներեց եւ այլն, եւ այլն, ամեն մեկս մեր բնագավառում պետք է խղճի մտոք աշխատենք: Եվ եթե մենք լավ ենք ապրում, կարողանանք մի քիչ էլ մտածել այն մարդկանց մասին… Պետք է կարողանանք օգտակար լինել մեր պետությանն ու մեր ժողովրդին:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ