ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե հասարակ գյուղացին այսօր շատ ուրախ է, որ Հայաստանի Հանրապետությունն անդամակցելու է Մաքսային միությանը: Ըստ նրա՝ գյուղացիները շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում անարգել կերպով հարեւան երկրում իրացնել իրենց սեփական արտադրանքը:
-Պարո՛ն Պետրոսյան, խնդրում եմ նշել այն գլխավոր ձեռքբերումը, որը, ըստ Ձեզ, ՀՀ-ն ունեցավ այս մեկ տարվա ընթացքում: Որպես ԱԺ պատգամավոր՝ ի՞նչ կարողացաք անձամբ Դուք անել երկրի համար:
-Այսօր ձեռքբերումները հարաբերական են, ինձ համար ձեռքբերումը մեկ բան է, Ձեզ համար՝ մեկ այլ բան, իսկ մեր երկրի համար՝ մեկ ուրիշ բան: Մի բան կարող եմ նշել, որ եթե չլինեին բնական աղետները, մեր ձեռքբերումներն ավելի շոշափելի կլինեին, քան հիմա է: Ձեռքբերումներից կարող եմ նշել այն, որ հստակ արձանագրվեց. Հայաստանը կարող է 2014թ. անդամագրվել Մաքսային միությանը, ինչը մեր տնտեսության համար առաջընթաց է:
-Այսինքն՝ Դուք Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելը համարում եք ձեռքբերո՞ւմ: Այսօր անգամ իշխանական պաշտոնյաներն են խուսափում այդքան հստակ դա գնահատել որպես ձեռքբերում եւ տնտեսության առաջընթաց, իսկ ընդդիմությունն ու հասարակության զգալի մասը պարզապես դեմ են դրան:
-Ես չեմ մտածում, որ մի մարդ, եթե մի աշխատատեղ ունի բացած ՀՀ-ում, կարող է քննադատել դա:
-Բայց անգամ ՀՀ-ում ՌԴ դեսպանը հայտարարեց, որ ՄՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանն ունենալու է ինքնիշխանության որոշակի կորուստ: Դուք համաձա՞յն եք, որ մենք կորցնենք այդքան թանկ գնով ձեռք բերված անկախությունը:
-Իսկ մենք որտե՞ղ ենք կորցնում ինքնիշխանություն, եթե ինքնիշխանություն ենք կորցնում, ես կարող եմ մտածել, որ 27 երկրներ, որոնք Գերմանիայի ասելով մտան Եվրամիություն, 26-ը կորցրին ինքնիշխանությունը: Հա՞, այդպե՞ս է, դե հիմա բոլորն էլ կարող են մի բան ասել, բայց որտեղ են կորցնում՝ իրենք էլ չեն հասկանում: Ամեն ինչ էլ կարելի է ասել, բայց փաստ է պետք, չէ՞: Ես՝ որպես ավելի շատ տնտեսական հարցերով խորացած ԱԺ պատգամավոր, կարող եմ ասել` պատկերացրե՛ք, էն հասարակ գյուղացին ուրախանում է, որովհետեւ հասարակ գյուղացին քրտինքով է արտադրում, ու այս անգամ շանս կա այդ ապրանքն արտահանել իր կողքի երկիր: Ու անկախություն կորցնել ասելուց մի քիչ… ամեն մարդ պետք է զգույշ լինի այդ բառն օգտագործելիս, որովհետեւ չի կարելի այդ ձեւով խոսել: Եթե մենք որոշենք, որ Ռուսաստանին չենք միանում, ազատ տնտեսական շուկա ենք մտնում Չինաստանի հետ, նույն բանն էլ այնտեղ կասեն, որ եթե Չինաստանի հետ առեւտրային հարաբերություններ ենք ստեղծում, մենք կորցնում ենք… Եթե չենք կորցնում, ուրեմն եկե՛ք պատ շարենք Հայաստանում, մնանք անկախ, մենք արտադրենք, մենք ուտենք, մենք քնենք, մենք հելնենք, ոչ մեկի հետ էլ գործ չունենանք: Մեր դրոշն ու գերբն էլ պահենք ու ամեն օր ուրախանանք, որ մենք անկախ ենք: Անկախությունը պետք է բերի մարդու բարեկեցության՝ դու լավ պետք է ապրես, դու ազատ պետք է լինես, դու քիչ պրոբլեմ պետք է ունենաս, դու ազատ շարժուձեւ պետք է ունենաս, դա է անկախությունը: Քո պետականությունը կախված է քո երկրի տնտեսության հզորացումից: Դու չես կարող ունենալ թույլ տնտեսություն եւ ուժեղ անկախություն, նման բան չկա: Իսկ ուժեղ տնտեսության հիմնական երաշխիքն այն է, որ քո պետությունն իր բոլոր ռեսուրսներն օգտագործի ու կարողանա վաճառել իր ապրանքը: Մենք միշտ ասում ենք, չէ՞, որ ներմուծման ծավալները 4 անգամ գերազանցում են արտահանման ծավալներին, հիմա եթե մենք ուզում ենք ավելի շատ արտահանենք… եկե՛ք ճիշտը խոսենք, իսկ ճիշտը դա է:
-Նշեցիք, թե հասարակ գյուղացին ուրախացել է, որ Հայաստանն անդամակցելու է ՄՄ-ին, բայց այսօր անգամ կառավարության անդամներն են հրապարակավ հայտարարում, որ դեռեւս պարզ չէ, թե ինչ ասել է Մաքսային միություն: Հասարակ գյուղացին տեղյա՞կ է, թե ՄՄ-ն ինչ է տալու իրենց:
-Իհարկե, իմիջիայլոց, նրանք շատ ավելի տեղյակ են, քան թե այն մարդիկ, որոնք շատ են խոսում: Գյուղացին շատ լավ հասկանում է, որովհետեւ ինքը տեղյակ է, թե դա ինչ բան է, ինքը 70 տարի տեսել է, թե ինչ է նշանակում մեքենան ազատ գյուղմթերք լցնել, տանել Սոչի, ծախել ու հետ գալ առանց մաքսային քաշքշուկների, առանց փաստաթղթերի, առանց չգիտեմ սահմանին ինչ անելու, նա տեսել է դա:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ