«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ը՝ ՊԱՐՏԱՎՈ՞Ր
ԱԺ երեկվա արտահերթ նիստում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, թե մինչեւ 2016 թվականը «Գազպրոմ»-ը Հայաստանի համար կալորիականության գործակիցներ չի կիրառի: «Որպես բազա՝ ընտրվել է ոչ թե նվազագույն թույլատրելի 7600, այլ 7900 կկալ/քմ-ն»,-ասել է նախարարը` առաջարկելով կասկածողներին իրենց մոտ կալորիմետր տեղադրել ու հետեւել գազի որակին: «Հայաստանում այդպիսի սարքեր արդեն տեղադրել են 11-12 կազմակերպություններ: Եվ «Հայռուսգազարդ»-ը պատրավոր կլինի հաշվի առնել այդ սարքերի տվյալները»,-հայտարարել է Մովսիսյանը:
ԳԻՆԵԳՈՐԾՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ
Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու պարագայում հայկական գինեգործների ֆինանսական դրությունը կարող է վատանալ: Երեկ նման մտահոգություն է հնչեցրել Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Նա նշել է, որ Ռուսաստանում վաճառված ապրանքների ակցիզն ու ԱԱՀ-ի վերադարձի հարցը մինչ այդ լուծում էին ոչ թե հայկական գինեգործները, այլ Ռուսաստանում նրանց առեւտրային գործընկերները. «Մինչդեռ հիմա մտավախություն կա, որ հետվերադարձման գործընթացը կարող է տեւել երկու-երեք ամիս»:
ԵՄ ԳՈՐԾԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ
Եվրամիության վարկանիշը AAA-ից իջել է AA+-ի՝ հայտարարել է Standard&Poor`s (S&P) վարկանիշային գործակալությունը: Այդ անկումն արտացոլում է ԵՄ 28 պետությունների վարկային կարողությունների նվազումն ընդհանուր առմամբ: S&P-ի մասնագետները հստակեցնում են, որ 2013թ. դեկտեմբերի դրությամբ՝ ԵՄ-ի չմարված պարտքի ծավալը կազմել է 56 մլրդ եվրո: Այս ամենը մասնագետները կապում են Պորտուգալիայի եւ Իռլանդիայի վարկերի ժամկետները երկարացնելու հետ: Երկու երկրներին բաժին է ընկնում ԵՄ-ի չմարված վարկերի մոտ 80%-ը: