«Եթե 3-4 տարի առաջ մարդիկ շատ իրար սիրում են ու ամուսնանում են ու մտածում են, որ 25 տարի իրար հետ պետք ա ապրեն, բայց ապրելով մի երկու տարի, տեսնում են, որ անհնարին է համատեղ կյանքը: Հիմա երեք տարի առաջ, այո՛, կողմ ենք քվեարկել, բայց երեք տարվա մեջ բաներ են եղել»:
Աբրահամ Մանուկյան 1in.am
Ավելի լավ խոստովանություն ԲՀԿ-ական գործարար-պատգամավորի կողմից չէր էլ կարող լինել. Մանուկյանը սրանով շատ դիպուկ բնութագրեց ԲՀԿ-ի գործելաոճը եւ ԲՀԿ-ՀՀԿ բարդ հարաբերությունները: Պարզից էլ պարզ ասվեց, որ ժամանակին ԲՀԿ-ն կողմ է եղել կուտակային կենսաթոշակների նախագծին, որովհետեւ այն ժամանակ ՀՀԿ-ի հետ «ամուսնացած» են եղել, այսինքն` կոալիցիայում էին: Հետո սերը մարեց, եւ արդեն ամուսնալուծված ԲՀԿ-ն հասկացավ, որ ինքը դեմ է այդ նախագծին: Ամեն դեպքում, ԲՀԿ-ականն ընդունեց, որ «սերը» իրենց եւ ՀՀԿ-ի միջեւ եղել է, իսկ սերը մարելուց հետո կրկին արթնանալու հատկություն է ունենում:
«Կարծում եմ` մենք 5 տոկոս աճ էլ չենք ունենալու, լավագույն դեպքում կունենանք 4,2 տոկոս աճ, բայց վերջին 2 ամիսը ցույց է տալիս, որ 4,2-ն էլ բարդ հասանելի տոկոս է… Երբ կտամ հրաժարական, այն ժամանակ կիմանաք»:
Վահրամ Ավանեսյան 168.am
Եթե նույնիսկ իշխանական պաշտոնյան` էկոնոմիկայի նախարարն է կասկածում անգամ 5 տոկոս աճ ունենալու վրա եւ դեռ 4,2-ն է բարդ հասանելի համարում, ապա պարզ է դառնում, որ այս տարվա տնտեսական աճը էլ ավելի ցածր կարող է լինել: Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի հանձնարարությունը կառավարությունը ոչ միայն չկատարեց, այլեւ արհամարհեց: Եվ այսքանից հետո նախարարը դեռ հասկացնում է, որ իր հրաժարականի հետ կապված հույսեր իզուր կարող ենք չունենալ, քանի որ «երբ կտամ, այն ժամանակ կիմանաք»-ը կարելի է ընկալել նաեւ որպես հեռավոր ապագայի մասին տարվող խոսակցություն:
«Մեր համագործակցությունը պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի հետ էլ ավելի է զարգանալու եւ խորանալու»:
Դավիթ Տոնոյան 168.am
Երբ լսում ես ՀՀ պաշտոնյաներին, տպավորություն է ստեղծվում, որ կա՛մ նրանք ոչ մի հարցում կոմպետենտ չեն, իրականում ոչնչից տեղյակ չեն, կա՛մ էլ մեզ են դրել ցածր մտավոր ունակություններ ունեցողների տեղ եւ մատուցում են այն ամենը, ինչ ուզում են: Նույնը պաշտպանության նախարարի առաջին տեղակալի դեպքում. եթե մենք Մաքսային միություն ենք մտնում, եթե այդ միությունը մեզ զրկում է ինքնիշխանությունից, սահմանափակում է մեր այլ համագործակցությունները, այդ թվում նաեւ` ռազմական ոլորտում, ապա ԱՄՆ-ի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության ի՞նչ զարգացման կամ խորացման մասին կարող է խոսք լինել:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ