Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համաձայն չէ Շանթ Հարությունյանի այն հայտարարության հետ, թե եթե Անդրանիկ Մարգարյանը ողջ լիներ, թույլ չէր տա տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը։
«Սա Շանթ Հարությունյանի կարծիքն է, ամեն մարդ իր կարծիքն ունի, ես այնքան էլ համաձայն չեմ, որ ինքը նման հայտարարություններ է անում։ Ես իմ արժեքներով եմ ապրում և իմ հորից ժառանգած արժեքներով եմ ապրում։ Ամեն մարդ, երբ հայտարարում է հոր և որդու միասնական լինելու մասին, առաջինը ինքը պետք է միասնական լինի»,- հայտարարեց նա։
Նշենք, որ հուլիսի 16-ին կայացած դատական հերթական նիստի ժամանակ Շանթ Հարությունյանը հայտարարեց, թե Անաստաս Միկոյանի արձանը չպետք է տեղադրել, և Տարոն Մարգարյանը դա չի անի, եթե իր երակներով Անդրանիկ Մարգարյանի արյունը ջուր չի դարձել։
Նա նաև անդրադարձավ իր և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարաբերություններին և հայտարարեց, թե իրենց հարաբերությունները լավ են:
«Իմ և Հովիկ Աբրահամյանի փոխհարաբերությունները նորմալ են, և ոչ միայն որպես քաղաքապետ և վարչապետ: Մենք անձնական հարաբերություններ ունենք, որ այսօր չի ձևավորվել, այլ 10-15 տարի առաջ ընտանիքներով մտերիմ ենք եղել և շարունակում ենք մնալ»,-վստահեցրեց քաղաքապետը: