ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պապս ժամանակին որպես ավանդ բանկին պահ է տվել իր «խոպանում» աշխատած բոլոր փողերը հույսով, որ մի օր դրանք անպայման պետք կգան: Բայց ամեն ինչ քանդվեց, պապիս երկար տարիների դառը քրտինքով աշխատած փողերը մի ակնթարթում ջուրը լցվեցին: Հիմա, երբ ասում եք կուտակային համակարգ, առաջինը ես պապիս փողերն եմ հիշում»,-«ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով հունվարի 1-ից ներդրվելիք կուտակային կենսաթոշակային համակարգին, նշեց լոռեցի Արմանը, որը նոր է վերադարձել արտագնա աշխատանքից:

«Էս երկրում մարդիկ վաղուց վստահությունը կորցրել են ամենքի ու ամեն ինչի հանդեպ, ինչ ուզում հնարում են, լավը չլինի, ուրիշ բան կորոշեն: Արդյունքում ժողովորդն ա տուժում, որի կարծիքը հաշվի չեն առնում: Մենք գուցե մարզերում չենք պայքարում, մեր ձայնը լսելի չէ, բայց հո տեսնում ենք, թե ինչ է կատարվում, բայց ո՞վ ա մարդատեղ դնում ժողովրդին»,-սա էլ Արմանի նման մտածող այլ երիտասարդների կարծիքն է, ովքեր խնդրեցին անուններ չգրել:
Երիտասարդներին հետաքրքրում է` եթե աշխատանք չունեն կամ եթե զբաղվում են գյուղատնտեսությամբ, ի՞նչ կարգով է իրականացվելու կուտակման պրոցեսը: Փաստորեն, եթե ունեն բավարար աշխատանքային ստաժ, կստանան սոցիալական կենսաթոշակ` գումարած յուրաքանչյուր տարվա ստաժի համար դրամական հավելումները: Սակայն օրենքը թույլ է տալիս` ինքնազբաղվածները եւ գյուղացիական տնտեսությունները, որոնք կցանկանան միանալ պարտադիր կուտակային համակարգին, կարող են դա իրականացնել: Այստեղ էլի բնակիչներին անհանգստացնող բազմաթիվ հարցեր են առաջանում: Կյանքի նվազագույն պայմանները չապահովող աշխատավարձ ստացող քաղաքացու համար անընդունելի է եկամուտների նվազեցումը՝ ապագայում բարեկեցիկ կենսաթոշակ ստանալու մշուշոտ խոստումների դիմաց: Հուսահատության եւ անվստահության մթնոլորտում, որտեղ գերակշռում է արտագաղթի տրամադրությունը, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի կիրառումը չի կարող դրականորեն ընդունվել:
Ստեփանավանում ակտիվ գործող «Լիարժեք կյանք» հ/կ-ի նախագահ Սուրեն Մաղաքյանի կարծիքով` կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը հաշվի չի առել նաեւ հաշմանդամություն ունեցողների յուրահատկությունները: Համակարգը, որը ենթադրում է եկամուտների նվազեցում, առավել կհարվածի սոցիալապես խոցելի հենց այս խմբին` կարծում է հաշմանդամների հարցերով զբաղվող հ/կ-ի նախագահը: Նա նշում է, որ տրանսպորտը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց, եւ նրանք ստիպված են օգտվել տաքսիներից. «Այդ մարդիկ, որոնք լրացուցիչ ծախսեր են անում, ամսական աշխատավարձի 20-30%-ը ծախսում են տրանսպորտի վրա, պատկերացրե՛ք, թե ինչ լարվածություն է լինելու նրանց համար»:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս