ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ կառավարությունը շարունակում է հայտարարություններ անել զբոսաշրջության ոլորտի զարգացման անհրաժեշտության մասին, Ծաղկաձորում թանկացումների պատճառով նվազում է լեռնադահուկային սպորտի սիրահարների թիվը: Անցյալ տարվա համեմատ այս տարի Ծաղկաձորի ճոպանուղու տոմսի արժեքը 300 դրամով թանկացել է՝ 1500 դրամից դառնալով 1800 դրամ: Ծաղկաձորի ճոպանուղու տնօրեն Ասատուր Պողոսյանի հավաստմամբ՝ տոմսի թանկացումը պայմանավորված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ:

Այսօր Ծաղկաձորում ճոպանուղու մեկանգամյա տոմսի արժեքը 1800 դրամ է, իսկ մեկ օրվա համար նախատեսված տոմսն արժե 11 հազար դրամ, երկու օրվա համար քաղաքացին վճարելու է 18 հազար դրամ, երեք օրվա համար՝ 26, իսկ մեկ շաբաթվա համար՝ 54 հազար դրամ:
Ձմռանը Ծաղկաձորում հիմնականում նախընտրում են հանգստանալ լեռնադահուկային սպորտի սիրահարները: 33-ամյա Հայկ Սիմոնյանը դահուկային սպորտաձեւով է զբաղվում եւ հաճախակի է Ծաղկաձորում օգտվում ճոպանուղուց:
Սակայն այս տարվա 300 դրամի թանկացումն արդեն սկսել է ազդեցություն ունենալ Հայկի գրպանի վրա: «Նախկինում ճոպանուղուց օգտվելու համար միանգամից տասը վերելքի համար վճարում էինք 5000 դրամ, հետո սա էլ թանկացրին` դարձնելով 7000 դրամ: Խոսակցություններ կան, որ սա էլ հունվարի 1-ից ավելի է թանկանալու՝ 7000-ից դառնալու է 10 հազար դրամ»,-ներկայացրեց Հայկը:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` 2013թ. հունվար-սեպտեմբերին հանրապետություն է ժամանել 677,906 զբոսաշրջիկ: Նույն ժամանակահատվածում զբոսաշրջության նպատակով ՀՀ-ից մեկնել է 678,786 մարդ: 2012թ. համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշն աճել է 11.6%-ով: ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն` 2012թ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 1,691,815 ուղեւոր` 2011թ. նույն ժամանակահատվածի 1,600,897 ուղեւորի համեմատ: Այդ ընթացքում Հայաստան է ժամանել 846,115 մարդ` 2011-ի 792,944-ի դիմաց: Նախորդ տարի ՀՀ-ից մեկնել է 845,700 մարդ, ինչը 2011թ. համեմատ 37,747-ով ավելի է: Ստացվում է, որ մեկնողներն ավելի շատ են, քան ժամանողները:
«Մի կողմից փորձում են զարգացնել տուրիզմը, բայց միաժամանակ այնպիսի գներ են սահմանում, որ դրանով վանում են: Մյուս քաղաքակիրթ երկրներում նման գներ չեն գործում: Եվրոպական սպասարկման բարձր մակարդակի նման էլ չէ, որ ասենք` լավ, գոնե սպասարկումը լավ է: Ճոպանուղու խցիկներն էլ բաց են այս սառնամանիքին»,-նկատեց մեր զրուցակիցը:
Ծաղկաձորի ճոպանուղու տնօրեն Ասատուր Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ճոպանուղու տոմսի թանկացումը պատճառաբանեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ: «Չեն ասում, որ այսքան լավ բաներ ենք անում ժողովրդի համար: Երբ էլեկտրաէներգիան 26 տոկոսով թանկացավ, ոչ ոք ոչինչ չարեց, բայց երբ ճոպանուղին 20 տոկոսով թանկացավ, դա արդեն ասելի՞ք դարձավ: Չէինք կարող չթանկացնել, քանի որ էլեկտրաէներգիայի հետ է կապված»,-պարզաբանեց ճոպանուղու տնօրենը՝ ընդգծելով, որ նոր թանկացումներ չեն լինելու:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի խոսքով` մեր պետությունը շուկայական տնտեսության պայմաններում չունի վերահսկողական մեխանիզմ. «Պետությունը, մասնավորապես էկոնոմիկայի նախարարությունը ոլորտում գների նկատմամբ վերահսկողության լիազորություն չունի»: Ստացվում է, որ ճոպանուղու տնօրինությունը կարող է հանգիստ թանկացնել ճոպանուղու տոմսի արժեքը. մեր այս դիտարկմանը հնչեց նույն պատասխանը. «Էկոնոմիկայի նախարարությունը նման լիազորություն չունի, որպեսզի գնային քաղաքականությունը վերահսկի»: Այդուհանդերձ, Մ. Ապրեսյանը կարծիք հայտնեց, որ այս գնագոյացումն էապես չի ազդի զբոսաշրջության զարգացման վրա:
Ի դեպ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, զբոսաշրջության զարգացման հետ կապված, վերջերս հայտարարել էր. «Կառավարության ջանքերը զբոսաշրջության զարգացման գործում տալիս են իրենց դրական պտուղները: Դրա մասին են վկայում ցուցանիշները. 2009թ.` ճգնաժամային տարվա ընթացքում, երբ ունեցանք աննախադեպ տնտեսական անկում, զբոսաշրջության ոլորտում գրանցեցինք շուրջ 4-տոկոսանոց աճ, եւ դա այն պարագայում, երբ 2009թ. համաշխարհային զբոսաշրջության ցուցանիշները նվազեցին: 2010թ. աճն ավելի շոշափելի էր` շուրջ 17 տոկոս»:
Ինչպես միշտ, կառավարության ներկայացրած ցուցանիշների եւ իրականության միջեւ, Տ. Սարգսյանի ձեւակերպմամբ ասած, «խորը խզում կա»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս