Պաշտպանության նախարարությունն առաջարկում է վարժական հավաքներից խուսափելու համար խստացնել պատժամիջոցները եւ հստակեցնել զորահավաքային գործընթացում ռազմական ոստիկանության դերակատարումը։ Ներկայիս օրենսդրությունը հստակ չի սահմանում վարժական հավաքից խուսափելու տարբեր ձեւերը, ինչի հետեւանքով հնարավոր չի լինում ամբողջությամբ գնահատել քաղաքացիների կողմից այս գործընթացից խուսափելու դեպքերը։ Օրենքի բացերի պատճառով որոշ քաղաքացիներ օգտագործում են ձեւական պատճառաբանություններ՝ վարժական հավաքներից խուսափելու համար։ Հատկապես տարածված են ինքնախեղման դեպքերը, հիվանդությունների սիմուլյացիան, փաստաթղթերի կեղծումը կամ այլ խաբեության մեթոդներ։ Գործող օրենսդրությամբ պատասխանատվությունը համեմատաբար մեղմ է, ինչը հնարավորություն է տալիս խուսափել պատժից՝ օգտագործելով վերոնշյալ մեթոդները։ Ռազմական ոստիկանության ներկայիս լիազորությունները հստակեցման կարիք ունեն՝ կապված զորահավաքային գործընթացում նրանց ներգրավվածության հետ։ Այս փոփոխությունների ընդունումը թույլ կտա խստացնել օրենսդրական կարգավորումները, բարձրացնել պատասխանատվության մակարդակը եւ ապահովել զորահավաքային գործընթացի ամբողջական իրականացումը։ Հստակեցվում են վարժական հավաքներից խուսափելու ձեւերը՝ հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ չներկայանալը, առողջական վիճակի հետազոտումից կամ բժշկական փորձաքննությունից խուսափելը, վարժական հավաքին ներգրավվելուց որեւէ այլ եղանակով հրաժարվելը, մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով հավաքներից խուսափելը, փաստաթղթերի կեղծման կամ խաբեության այլ ձեւերով խուսափելը։ Ընդհանուր խուսափման դեպքերում նախատեսվում է տուգանք, կարճաժամկետ ազատազրկում (մինչեւ 2 ամիս) կամ ազատազրկում (մինչեւ 2 տարի)։ Եթե խուսափումն իրականացվել է մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի կամ փաստաթղթեր կեղծելու միջոցով, ապա պատիժը կարող է հասնել 2-5 տարվա ազատազրկման։ Այս փոփոխությունները թույլ կտան խստացնել պատասխանատվությունը եւ նվազեցնել զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքերը։ Նախագծով առաջարկվում է զորահավաքային գործընթացում ռազմական ոստիկանության ներգրավվածության ավելացում՝ ապահովելով արդյունավետ վերահսկողություն զորակոչի եւ վարժական հավաքների կազմակերպման նկատմամբ։ Ռազմական ոստիկանությունը լիազորվում է օժանդակել զինվորական կոմիսարիատներին զինապարտ քաղաքացիներին ծանուցագրեր հանձնելու գործընթացում, պարտավորեցնել զորակոչիկներին ներկայացնել զինվորական կոմիսարիատ կամ բժշկական փորձաքննության կենտրոն, հայտնաբերել ու վերահսկել զորակոչից խուսափողների տեղաշարժը, աջակցել զորահավաքի կազմակերպմանը եւ զինապարտ քաղաքացիների հաշվառմանը։ Օրենքով ամրագրվում է, որ ռազմական ոստիկանությունը իրավունք կունենա հետախուզել զորահավաքային զորակոչից խուսափող անձանց, իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ զորակոչիկների տեղորոշման եւ զորակոչի ապահովման նպատակով, իրավապահ մարմինների պահանջով պարտադիր զինծառայողների տեղափոխում եւ ուղեկցում ապահովել։ Այս փոփոխությունները թույլ կտան ռազմական ոստիկանությանը ավելի արդյունավետ ներգրավվել զորահավաքային համակարգի գործընթացներում եւ ապահովել զորակոչի ամբողջական իրականացումը։ Գործընթացին կներգրավվի ռազմական ոստիկանությունը, որը կուժեղացնի վերահսկողությունը եւ կխթանի օրենքի կիրառելիությունը։ Վ. ՔԵՐՈԲՅԱՆԻ ՔՐԳՈՐԾՆ ԱՐԴԵՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է ՀՀ Քննչական կոմիտեի՝ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը հակակոռուպցիոն դատարանում է: Այդ գործով, նախկին նախարարից բացի, մեղադրյալի աթոռին է նաեւ «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, որը հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է: Երեկ հերթական դատական նիստն էր, եւ դատարան էր ներկայացել նաեւ հայտնի հաղորդավարուհու սկեսրայրը, որը գործով մեղադրյալ է: Նկատենք, որ նրա ընկերության աշխատակիցներից Անի Գեւորգյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, մեղադրյալի կարգավիճակ ուներ, սակայն ընդունել է մեղքը ու գործուն զղջալու հիմքով՝ նրա քրեական գործը կարճվել է։ Իսկ ինչ էր պարզել նախաքննական մարմինը. ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ։ Մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել են մրցույթի պայմանները, ընդհուպ՝ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը եւ նըրանց օժանդակությամբ՝ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով ընկերությանը հեռացնել մրցույթից: ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ