Մ.Բաղդասարովը «ՎՏԲ-Հայաստան»-ին 3 476 255 ԱՄՆ դոլար չի վճարելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013 թվականի հունվարին «ՎՏԲ-Հայաստան» բանկը դիմել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Արմավիա» ավիաընկերության` հայտնելով, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ և «Միկա Լիմիթեդ» ընկերության միջև 26.10.2010 -ին կնքված վարկային գծի տրամադրման պայմանագրով վերջինիս տրամադրվել է 2 000 000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ` տարեկան 9.75 տոկոսով: Պայմանագրով վարկի մարման վերջնաժամկետ է սահմանվել 2012 թվականի ապրիլի 26-ը:

Այսօր Armlur.am-ը տեղեկացավ, որ դատարանը մերժել է «Արմավիա» ավիաընկերությունից  3 476 255 ԱՄՆ դոլար բռնագանձելու պահանջով «ՎՏԲ-Հայաստան» բանկի հայցը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանկի և ավիաընկերության միջև համաձայնություն է եղել տոկոսների և տուժանքների հաշվարկումը ժամանակավոր դադարեցնելու մասին:

Տեղեկացնենք, որ բանկն իր հայցում մեկնաբանել էր, որ վճարման ենթակա տոկոսների մասով կետանցված պարտավորության չափը կազմում է 16 561 ԱՄՆ դոլար, իսկ պարտավորության խախտման համար տույժերի և տուգանքների հանրագումարը`  1 076 547 ԱՄՆ դոլար:

Պարտքի ընդհանուր գումարը կազմում է 3 093 108  ԱՄՆ դոլար: Սակայն, հետագայում բանկը վերանայել էր հայցն ու ավելացրել պահանջի չափը` խնդրելով «Արմավիա»-ից բռնագանձել ոչ թե 3 093 108 , այլ  3 476 255 ԱՄՆ դոլար:

Այսպես, գործի դատաքննության ժամանակ պատասխանողի ներկայացուցիչն առարկել է ներկայացված պահանջի դեմ: Ներկայացուցիչը հայտնել է, որ 2013 թվականի փետրվարին «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ն ու «Արմավիա»-ն եկել են համաձայնության`  01.03.2013 թվականից սկսած տոկոսների և տուժանքների հաշվարկումը ժամանակավոր դադարեցնելու մասին: Նրանց միջև պայման է եղել որոշակի ժամկետներում բանկին տրամադրել վարկառուի պարտավորությունների կատարման լրացուցիչ ապահովման միջոցներ և ամբողջությամբ մարել բանկի պարտքը:

Ապա 2013 թվականի հուլիսի 15-ին «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի «Միկա Քորփորեյշն», «Արմավիա», «Միկա Լիմիթեդ» ընկերությունների և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության միջև կնքված բաժնետոմսերի առուվաճառքի և հաշվանցի մասին նոր պայմանագրի համաձայն` բաժնետոմսերը բանկին ի սեփականություն անցնելու պահից դադարած են համարվում վարկառուների փոխարեն պարտավորությունները կատարելու երաշխավորների պարտավորությունները:

Այլ կերպ ասած` այս ընկերությունների բաժնետոմսերը պարտքի դիմաց անցնում են ՎՏԲ բանկին: Հենց այս հանգամանքը հաշվի առնելով` դատարանը վճռել է մերժել 3.476.255,62 ԱՄՆ դոլար բռնագանձելու մասին «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի հայցադիմումն ընդդեմ «Արմավիա» ավիաընկերության:




Լրահոս