Օգոստոսի 1-ից սայտոտեկը դեղատներից բաց կթողնվի միայն դեղատոմսով։ Այդ մասին նախարարությունը տեղեկացրել է դեղատնային գործունեությամբ զբաղվող բոլոր տնտեսվարողներին։
Նման որոշման առիթ են հանդիսացել հղիության ժամանակ դեղի օգտագործումից առաջացած բարդությունները` արյունահոսություններ, թերի վիժում, պոստհեմոռագիկ անեմիաներ, չբերություն, ընդհուպ` անբարենպաստ ելք։
Հաշվի առնելով Միզոպրոստոլ (Սայտոտեկ, Միրոլյուտ) դեղի դեղաբանական ցուցման, հակացուցման, նշանակման, իրացման, փոխարինելիության առանձնահատկությունները, ինչպես նաև հղիության ժամանակ դեղի օգտագործումից առաջացած բարդությունները` 2014 թվականի օգոստոսի 1-ից դրա բացթողումն իրականացնել բժշկի նշանակման համաձայն` դեղատոմսով: Միզոպրոստոլ (Սայտոտեկ, Միրոլյուտ) դեղն ընդգրկված է «Դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկում», որոնք ամբուլատոր հիվանդների համար դուրս են գրվում ՀՀ կառավարության 14.08.2001թ. N 759 որոշմամբ հաստատված N 3 դեղատոմսային ձևաթղթով, որը նախատեսված է սովորական դեղերի համար:
Սայտոտեկ դեղի ՀՀ-ում գրանցված ներդիր թերթիկի «ցուցումներ» բաժնում նշված է միայն աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժման համար ցուցումներ: Միաժամանակ հակացուցված է Սայտոտեկի օգտագործումը հղիության ժամանակ: Հետևաբար, Սայտոտեկ դեղը ՀՀ-ում գրանցված է և երաշխավորված միայն խոցային հիվանդությունների բուժման համար և երաշխավորված չէ հղիությունն ընդհատելու համար:
Միաժամանակ հանձնարարվել է ոչ նպատակային օգտագործումից և անցանկալի հետևանքներից խուսափելու համար ղեղատոմսերը դեղատանը կամ դեղատնային կրպակում պահել 3 ամիս և վարել դեղերի շարժի/մնացորդի հաշվառման մատյան՝ համաձայն նախարարության ներկայացրած ձևաչափի: